Դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նոր մեղադրանքը հաստատելու որոշում կայացրեց
Մեղադրող կողմի փաստերն իրականության հետ աղերս չունեն: Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նշենք, որ այսօր ընթանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ կապված 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների հետ։
Նշենք, որ նրանք մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ Սակայն ՀՀ ՍԴ-ն 2021թ. հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, և հետապնդումը դադարեցվեց։ Այնուհետև ՍԴ և Վճռաբեկ դատարանի որոշումներով դատախազությանը հնարավորություն տրվեց մեղադրանքը վերաորակել։ Գործը հետ ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան՝ զրոյից քննելու համար։
Այսօր բոլոր մեղադրյալների պաշտպանները հայտարարեցին, որ իրավունք չկա նոր մեղադրանք ներկայացնելու, քանի որ խոսքը նաև գործող ԱԺ պատգամավորների մասին է, իսկ ընթացակարգն այլ բան է պահանջում։
«Նոր մեղադրանք է առաջադրվում ԱԺ գործող երկու պատգամավորի (Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան – խմբ.) առանց ԱԺ-ի կողմից նրանց անձեռնմխելիությունից զրկելու։ Դատախազի հիմնավորումն այն է, որ մենք արդեն գործով որպես մեղադրյալ ներգրավված ենք, բայց հիշեցնեմ, որ գլխավոր դատախազը մեկ այլ պատգամավորի համար եկել էր ԱԺ, որ զրկեն անձեռնմխելիությունից, քանի որ նախաքննության փուլում նոր մեղադրանք էր առաջադրվում։ Իսկ հիմա ձևավորվում է պրակտիկա, որ ԱԺ պատգամավորներին անընդհատ կարող են նոր մեղադրանք առաջադրել առանց ԱԺ համաձայնությունը ստանալու»,– դատարանին դիմելով ասաց Արմեն Գևորգյանը։
Նիստը նախագահող Սարգիս Պետրոսյանը նախ հայտարարեց, որ այս հարցին կանդրադառնան դատական հաջորդ փուլերին, այնուհետև նշեց, որ դատարանն ընդունում է մեղադրանքը լրացնելու և արարքի իրավական ձևակերպումը փոխելու որոշում։ Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի պնդումներին, որ պատգամավորներին նոր մեղադրանք չեն կարող առաջադրել, հայտարարեց, թե գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է 2018 թվականին։
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
Այսինքն` դատարանը սահմանեց, որ դատախազն իրավունք ունի փոխել մեղադրանքը (արարքի իրավական ձևակերպումը) ցանկացած պահի՝ մինչև դատավորի կողմից վճիռ կայացնելը։ Հիմնվելով վճռաբեկ դատարան 2024 թվականին սեպտեմբերին կայացած որոշման վրա Վճռաբեկ դատարանը չեղարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կարճելու նախկին որոշումը։ Գործը հետ ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան, որպեսզի այն քննվի զրոյից։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
