Ո՞վ ասաց` ես հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին․ իմ արածը ոչ թե հուսահատության, այլ վերջին միջոցի օգտագործման իրավունքն իրացնելու գործողություն է․ Նարեկ Սամսոնյան
Ո՞վ ասաց, որ ես հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին․ իմ արածը ոչ թե հուսահատության, այլ վերջին միջոցի օգտագործման իրավունքն իրացնելու գործողություն է։ Այս մասին ասված է Նարեկ Սամսոնյանի հայտարարության մեջ։
«Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից մեր բոլոր համակիրներին, ընկերներին և գործընկերներին, որոնց ֆեյսբուքյան գրառումներին (տպագիր տարբերակով), ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններին և ինձ առանձնապես փոխանցած կարծիքներին եմ ուզում անդրադառնալ ստորև։ Այսօր դատարանի դահլիճում տեղի ունեցած քրեական հանցագործության առերևույթ տարրեր պարունակող թատրոնին չեմ անդրադառնում. դրան անդրադառնալու իմաստ չկա։
Ուզում եմ առանձին անդրադառնալ հացադուլ սկսելու իմ քաղաքական որոշմանն ու դրա շուրջ հանրային-քաղաքական դաշտում առկա կարծիքներին, որոնց հնարավորինս մանրամասն ծանոթացել եմ։ Ուրեմն սկսեմ սկզբից. ինձ որպես մարդու, ով այս դաշտում գործունեություն է ծավալում ոչ քիչ ժամանակ, միշտ առաջնորդել են գաղափարական և արժեհամակարգային ուղենիշները։ Իմ գործունեության որևէ փուլում ես չեմ շեղվել` դեռևս 17 տարեկանում իմ պատկերացրած արժեքային ծիրից, միշտ ունեցել եմ համոզմունք, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ, որ քաղաքականությամբ զբաղվողները քաղաքականության մեջ այնպիսին են, ինչպիսին իրենց կենցաղում։ Միշտ խորշել եմ անսկզբունք, վախկոտ, սեփական կաշին ամեն ինչից բարձր դասողներից։ Վստահ եմ եղել և առավել քան երբևէ ներկայումս էլ վստահ եմ, որ մարդն իր ընդունած գաղափարների, արժեքային համակարգի և սկզբունքների համար պետք է պատրաստ լինի անձնազոհության և իր գործողություններում պետք է վճռական լինի։
Մարդկության պատմությանը հայտնի բոլոր պատմություն կերտած անհատներն ունեցել են այդ հատկանիշները և հենց այդ պատճառով են հավերժացել նրանց անուններն ու գործերը։ Այդ մարդկանց գործերով ոգեշնչվել են սերունդներ, բայց ոչ բոլորն են այդ ոգեշնչումը վերածել իրական անձնազոհության և վճռականության։ Ինձ համար քաղաքականությունը խարսխված է եղել այս արժեքների վրա, ես ինքս ոգեշնչվել եմ նմանատիպ անհատներով, միշտ մտածել եմ, որ ոգեշնչումից այն կողմ ընկած են գործողություններ։ Իսկ գործողությունները միշտ սկսում են փոքր քայլերից։
Հենց վերոգրյալից ելնելով ես երկար մտածելուց և բոլոր հետևանքներն ու հավանական ամենաբացասական ելքերը ծանրութեթև անելուց հետո գիտակցված որոշում եմ կայացրել անելու իմ փոքր քայլը և հայտարարել եմ անժամկետ հացադուլ՝ իմ հանդեպ այս բացահայտ ապօրինությունը՝ կալանքը վերացնելու ՆԱԽՆԱԿԱՆ պահանջով։ Վստահ եմ, որ այս որոշումս ճիշտ է, ժամանակին և արդյունավետ՝ գոնե ինքս իմ գաղափարական-արժեհամակարգային պատկանելիությանը հավատարիմ մնալու տեսանկյունից։
Հիմա անդրադառնամ հացադուլի իմ ակնկալիքներին և այսօր սոցիալական ցանցերում իմ ընկերների ու պարզապես սրտացավ մարդկանց արձագանքներում առկա թյուրընկալումներին։ «Հացադուլով հնարավոր չի ճնշել իշխանություններին» ձևակերպմանը հանդիպել եմ շատ մարդկանց գրառումներում և մասամբ համաձայն եմ այս պնդման հետ, ուղղակի ուզում եմ ասել, որ, սիրելիներս, իսկ ո՞վ ասաց, որ ես հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին…
«Իշխանությունը թքած ունի իր ընդդիմադիրների ապրել/չապրելու վրա». այս պնդման հետ ամբողջությամբ եմ համաձայն և հենց իմ հացադուլի նպատակներից մեկն այս պարզ ճշմարտությունը հնարավորինս լայն զանգվածներին հասանելի դարձնելն է սեփական օրինակով։ Մարդիկ պետք է տեսնեն սրանց իրական դեմքը (չասեք՝ տեսնում են ու գիտեն, եթե այդպես լիներ, այս իշխանությունը բանտերում կլիներ) իմ օրինակով, ես այս իշխանությունների անճոռնի դեմքն ուզում եմ ի ցույց դնել իր հետույքը պահող կեղծ ժողովրդավարներին։ Իմ արածը ոչ թե հուսահատության, այլ վերջին միջոցի օգտագործման իրավունքն իրացնելու գործողություն է։ Հուսահատությունն իմ էությանը հակոտնյա երևույթ է և, անկեղծ ասած, անգամ վիրավորական է լսել կամ կարդալ նմանատիպ կարծիքներ։
«Արդյունք կտա», «արդյունք չի տա» և նմանատիպ քննարկումներն անիմաստ եմ համարում, քանի որ ինձ համար ամենակարևոր արդյունքը նմանատիպ որոշում կայացնելն ու այն իրականացնելն է եղել, կա և կմնա։
Ընտանիքի, մորս, երեխաներիս մասին հուզական գրառումներն էլ նորմալ եմ համարում, բայց հավատացնում եմ բոլորիդ՝ ես ամենաշատն եմ մտածել այդ ուղղությամբ և, եթե դրանից հետո այնուամենայնիվ որոշել եմ հացադուլ սկսել, ուրեմն հաստատ դա չէ այն փաստարկը, որն ինձ ետ կպահի իմ մտքից։ Իմ ընտանիքը, այդ թվում՝ իմ երեխաները, հաստատ ապրելու են գլուխները բարձր և վստահաբար սատարելու են ինձ իմ այս որոշման իրականացման ընթացքում։
Բոլոր սրտացավ մարդկանց հորդորում եմ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն սատարեն, բարձրաձայնեն և բոլորին ցույց տան իմ օրինակն այս հանցավոր իշխանություններին հիշելիս, սրանց խայտառակությունների մասին խոսելիս։ Ինձ համար շատ մեծ օգնություն կլինի վերոգրյալ դրսևորումները, ինչի համար նախապես շնորահակալ եմ բոլորիցդ։
Հացադուլի ընթացքում պլանավորում եմ ամենօրյա սկզբունքով հանդես գալ հրապարակային հոդվածներով քաղաքական վիճակի, դերակատարների, գործընթացների և այլ թեմաներով։
Իմ պայքարը շարունակվում է. Աստված օգնական բոլորիս։
Վճռականություն, անձնազոհություն, հաղթանակ»։
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով, որից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է հացադուլ։
