ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ. Փհենյանը հերքել է
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Հարավային Կորեան 2026 թվականի հունվարի 4-ին և անցած տարվա սեպտեմբերի 27-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտել է իր օդային տարածքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը, այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը՝ ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի անօդաչու թռչող սարքի միջոցով ԿԺԴՀ ինքնիշխանության խախտման սադրանքի հետևանքներին:
Ըստ հայտարարության՝ ԿԺԴՀ օդային տարածքը վերահսկող ստորաբաժանումները հունվարի 4-ին հայտնաբերել և հետևել են դեպի հյուսիս շարժվող օդային թիրախին և թույլ տալով մոտենալ իրենց օդային տարածքին 8 կիլոմետրի սահմաններում, չեզոքացրել են անօդաչու թռչող սարքը՝ օգտագործելով հատուկ էլեկտրոնային սարքավորումներ
«Խփված անօդաչու թռչող սարքը հագեցած էր դիտարկող սարքավորումներով: Համապատասխան տեղեկատվական և քննչական գործակալությունները հավաքել են խփված անօդաչու թռչող սարքի մնացորդները և վերլուծել թռիչքի պլանը, թռիչքի ձայնագրությունը և տեսագրությունները», – ասված է հայտարարության մեջ:
Հարավային Կորեայի Հանրապետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրենց զինված ուժերը նշված ամսաթվերին անօդաչու թռչող սարքեր չեն օգտագործել։
Հայտարարության համաձայն՝ Հարավային Կորեայի նախագահը հրամայել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և համապատասխան մարմինները ներկայում զբաղվում են խնդրով։
