Ես անցա ինքս ինձ կրթելու ճանապարհը, նոր հասկացա, թե հետագա գործողություններն ինչ պետք է լինեն․ Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենի պարտականությունների մասին
Սիրելի ներկաներ, ողջունում եմ բոլորին, ուրախ եմ, որ այսօր իրար հետ ենք և միասին ենք ճանապարհում 2025 թվականը: «Իմ քայլը» հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հանդես գալով ելույթով և բաժակ բարձրացնելով հիմնադրամի թիմի պատվին։
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ամբողջ թիմին՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի, շարունակական ուսուցման և մասնագիտական աճի շնորհիվ է հնարավոր եղել արձանագրել նշանակալի արդյունքներ և ընդլայնել շահառուների շրջանակը։
Նրա խոսքով՝ 2024 թվականի հոկտեմբերից մինչ օրս «Իմ քայլը» հիմնադրամի թիմը մասնակցել է յոթ ոլորտային դասընթացների և կարճաժամկետ խտացված վերապատրաստումների։ Աննա Հակոբյանը նշել է, որ այս ցուցանիշները հիմնադրամի և թիմի համար դեռ մեկնարկային փուլ են։
Նա տեղեկացրել է, որ ներկայում հիմնադրամի մի շարք աշխատակիցներ շարունակում են կրթական և վերապատրաստման գործընթացը։ Մասնավորապես, որոշ աշխատակիցներ անցնում են մասնագիտական դասընթացներ, զարգացնում համակարգչային և սոցիալական աշխատանքի հմտություններ, ինչպես նաև ուսանում են բուհերում՝ բարձրացնելու իրենց մասնագիտական որակավորումը։
Անդրադառնալով հիմնադրամի տնօրենի տեղակալ Թալինի աշխատանքին՝ Աննա Հակոբյանը նշել է, որ միջազգային փորձ ունեցող մասնագետը Հայաստանում աշխատելու ընթացքում հաղթահարել է լեզվական, մշակութային և մենթալիտետային մի շարք դժվարություններ՝ լիարժեք կարողանալով ղեկավարել ծրագրերի իրականացման գործընթացը։
Խոսելով սեփական փորձի մասին՝ Աննա Հակոբյանն ընդգծել է, որ գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնելիս ինքն էլ անցել է ինքնակրթության ճանապարհը՝ կարևորելով կրթվելը որպես արդյունավետ կառավարման և հաջողության առանցքային պայման։ «Ես երբ որ ստանձնեցի հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները, դրանից առաջ ունեի տարբեր փորձեր, իմ ամենամեծ փորձը «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրի պարտականություններն են, բայց ես բացարձակապես չգիտեի՝ ինչ պետք է անել, և ես, դուք չնկատեցիք, թիմը դա չնկատեց, բայց ամենասկզբում ես սովորեցի, ես ինչ պետք է անեմ որպես բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, ես անցա ինքս ինձ կրթելու ճանապարհը, նոր հասկացա թե հետագա գործողություններն ինչ պետք է լինեն, սա նշում եմ բացառապես մեծարելու համար կրթվելը և աշխատելը»,- նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ներկայում հիմնադրամի շահառուների թիվը կազմում է 2136, իսկ կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին այն կհասնի շուրջ 3,000-ի։ Ելույթի ավարտին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել թիմին՝ ընդգծելով, որ կրթվելու գործընթացը և աշխատանքի արդյունքները բարձրացնում են ոչ միայն աշխատակիցների, այլև շահառուների կյանքի որակը։
