Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «պատարագի ընթացքում հնարավոր և թույլատրելի է բողոք արտահայտել, իսկ Կտրիճ Ներսիսյանի անունը չպետք է հնչի», վերածվել է քաղաքական ուղերձի․ քաղաքագետ

7351-b-1766837612738-770x_

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ պատարագի ընթացքում հնարավոր և թույլատրելի է բողոք արտահայտել, իսկ Կտրիճ Ներսիսյանի անունը չպետք է հնչի, վաղուց դուրս է եկել անձնական կարծիքի կամ հավատացյալի դիրքորոշման շրջանակից։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այն վերածվել է քաղաքական ուղերձի՝ ուղղված Եկեղեցու ներս, և այդ հանգամանքն է խնդրի առանցքը։

Խնդիրը նախ և առաջ իրավական է։

ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը։

Երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կերպով գնահատական է տալիս, թե ինչն է թույլատրելի կամ անթույլատրելի պատարագի ընթացքում, նա փաստացի մտնում է այն տիրույթ, որը Սահմանադրությամբ իրեն չի վերապահված։

Այստեղ արդեն խոսքը հավատացյալի կարծիքի մասին չէ, այլ պետական իշխանության կողմից եկեղեցական ծեսի բովանդակության քաղաքականացման և վերահսկման փորձի։

Վերջին ամիսներին Փաշինյանը բազմիցս միջամտել է եկեղեցու ներքին գործերին՝ առաջարկելով եկեղեցու կանոնադրության բարեփոխումներ, մասնակցելով այլընտրանքային պատարագների կազմակերպմանը և նույնիսկ պետական օրհներգի կատարում պարտադրելու գաղափարներ հնչեցնելով: Սա օբյեկտիվորեն խախտում է չեզոքության սկզբունքը:

Սակայն առավել մտահոգիչ է հայտարարության քաղաքական ենթատեքստը։

«Պատարագի ընթացքում բողոք արտահայտելու» գաղափարը ոչ միայն լեգիտիմացվում է, այլ ներկայացվում որպես ընդունելի և նույնիսկ նպատակահարմար վարքագիծ՝ «գործնական արդյունքների հասնելու» ակնարկով։

Այս ձևակերպումները չեն կարող ընկալվել որպես պատահական։ Հանրային խոր բևեռացվածության պայմաններում դրանք օբյեկտիվորեն հնչում են որպես ազդակ՝ կազմակերպված սադրանքների համար։

Ձևավորվում է վտանգավոր և արդեն ծանոթ շղթա․ նախ՝ խոսքային լեգիտիմացում, ապա՝ «ինքնաբուխ» միջադեպեր եկեղեցիներում, վերջում՝ դրանց քաղաքական արդարացում՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության լեզվով։

Այս տրամաբանությունը ոչ միայն խաթարում է Եկեղեցու ներքին կարգն ու կանոնական իրավունքը, այլ նաև սրբավայրերը վերածում է քաղաքական բախումների հնարավոր հարթակի։

Իշխանությունը հետևողականորեն փորձում է եկեղեցական տարածքը ներքաշել քաղաքական պայքարի դաշտ, ընդլայնելով հակամարտությունը այն ոլորտ, որտեղ պետությունը պարտավոր է պահպանել բացարձակ չեզոքություն։

Եկեղեցին, անկախ իշխանության կամ հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքից, շարունակում է մնալ ինքնավար ինստիտուտ՝ սեփական կանոնական իրավունքով և ներքին կարգով։

Այդ սահմանների խախտումը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքական քայլ։

Դա արդեն կարմիր գծի հերթական հատում է, որը հղի է լուրջ և անկանխատեսելի հետևանքներով՝ թե՛ իրավական պետության, թե՛ հասարակական խաղաղության համար»,-գրել է նա։

You may have missed