Այս պահին հավաքին մասնակցելու անհրաժեշտություն և որոշում չեմ տեսնում, բայց աջակցում եմ 10 եպիսկոպոսներին. իրենց հրավերը լեգիտիմ է. Փաշինյան
Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով աչքի ընկնող անձանց չեզոքացնելու՝ օրենքով սահմանված կարգով: Այս մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տասը եպիսկոպոսների կողմից նախաձեռնված Կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով հավաքին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից: Ես արդեն իմ դիրքորոշումն ասել եմ, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր նեղ շրջապատն աղանդավորներ են, ովքեր զավթել են ու եղծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը»,-նշեց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ տասը եպիսկոպոսների գործողություններն ինքը չի ուղղորդում, բայց պաշտպանում է և աջակցում:
«Այս պահին հավաքին մասնակցելու անհրաժեշտություն և որոշում չեմ տեսնում: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա. տասը եպիսկոպոսներն Էջմիածնի միաբաններ են, այսինքն՝ Էջմիածնի վանական համալիրն իրենցն է և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են, հետևաբար՝ իրենց կողմից հնչեցված հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում բացարձակապես լեգիտիմ է»,-հավելեց վարչապետը:
