Գալիք հինգ տարիներին Հայաստանի յոթ զբոսաշրջային կլաստերներում կներդրվի 120 միլիոն եվրո․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

screenshot-2025-12-15-233235-1765827164950-770x_

2025 թվականը զբոսաշրջության ոլորտի համար միանշանակ ձեռքբերումների տարի է, քանի որ արվել է այն ամենը, ինչ նախապես եղել է պլանավորված։ Զբոսաշրջության կոմիտեն հընթացս իր առջև դրել է նոր խնդիրներ՝ դրանք նույնպես հաջողությամբ լուծելով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ ներկայացնելով 2025 թվականի ընթացքում իրականացված և գալիք տարում նախատեսվող աշխատանքները։

«Կարևորագույն հանգամանքը զբոսաշրջության ռազմավարության ներկայացումն էր ՀՀ կառավարություն, որը, հուսով ենք, կհաստատվի գործադիր մարմնի առաջիկա նիստում։ Դա լինելու է գալիք հինգ տարիների ուղենիշային փաստաթուղթը։ Ունեցել ենք վեց ենթաօրենսդրական ակտեր, որոնք ընդունվել են կառավարության կողմից։ Տարվա ընթացքում եղան նաև հաճելի անակնկալներ։ Շահեցինք երեք մրցանակ։ Բեռլինում՝ որպես արկածային լավագույն ուղղություն 2025, Wonderlast ամսագիրը մեզ ճանաչեց 10 լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը, իսկ World Travel Aword-ը, որն ամենահեղինակավոր զբոսաշրջային մրցանակաբաշխությունն է, մեզ ճանաչեց լավագույն պատմամշակութային ժառանգություն ունեցող երկիր»,- տեղեկացրեց Գևորգյանը։

Նա հավելեց, որ նշված ձեռքբերումները տակավին նորություն են և Զբոսաշրջության կոմիտեն նախկինում նման արդյունքների չէր հասել։

«Այս տարի համաշխարհային բանկի հետ ստորագրվեց նոր վարկային պայմանագիր, որի համաձայն՝ գալիք հինգ տարիների ընթացքում յոթ զբոսաշրջային կլաստերներում կներդրվի 120 միլիոն եվրո։ 100 միլիոնը վարկային միջոցներ են համաշխարհային բանկի հետ, իսկ 20 միլիոնը կներդնի մեր կառավարությունը։ Դա լուրջ ձեռքբերում է զբոսաշրջության ենթակառուցվածքների լավարկման համար, քանի որ այդ միջոցներով կբարեկարգվեն ճանապարհներ, թանգարաններ, կկառուցենք քայլուղիներ, կզարգացնենք նաև համայնքային ենթակառուցվածքները։ Այդ գումարներով հնարավոր է նաև խոշոր ներդրողների համար կառուցել հարմարավետ ենթակառուցվածքներ, որպեսզի նրանք նույնպես ներդրումներ կատարեն»,- նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Գևորգյանի տեղեկացմամբ՝ զբոսաշրջային այցելություններն այս տարվա յոթ ամիսների (մայիս-նոյեմբեր) համար աննախադեպ էին։ Ըստ նրա՝ գրանցվել է պատմական ռեկորդ, և նման բան չի եղել անկախությունից ի վեր։

«Նախորդ տարի ունեցել ենք 2,2 միլիոն զբոսաշրջիկ, իսկ ընթացիկ տարվա նոյեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ ունենք 2 միլիոն 100 հազար զբոսաշրջիկ։ Սպասում ենք տարեվերջին, և վստահաբար կարող ենք ասել, որ գումարելով նաև դեկտեմբեր ամսվա ցուցանիշները՝ կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշը։ Զբոսաշրջիկ են համարվում նրանք, ովքեր առնվազն մեկ գիշերակաց ապահովում են մեր երկրում, իսկ ընդհանուր այցելուների թվաքանակը հասել է 5 միլիոնի»,- նշեց Գևորգյանը։

Նա վստահեցրեց, որ զբոսաշրջության ռազմավարությունը քայլ առ քայլ կատարվող և ներդրումներ պահանջող փաստաթուղթ է, որի իրականացման գործում կոմիտեն լինելու է հետևողական՝ անելով քայլեր մարքետինգի, Հայաստանի ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ։ Իրականացվելու են օրենսդրական բարեփոխումներ, որոնք կլինեն շարունակական՝ բխելով «Զբոսաշրջության մասին» օրենքի դրույթներից։

«Ցանկանում ենք ներգրավել նաև համաշխարհային աստղերին, որովհետև իրադարձային տուրիզմը լավագույն տարբերակն է շատ զբոսաշրջիկներ ներգրավելու, ուստի այդ ուղղությամբ սերտորեն կհամագործակցենք ԿԳՄՍ նախարարության հետ։ Մեր ուշադրության կենտրոնում կլինի նաև բիզնես-զբոսաշրջությունը, երբ մարդիկ գալիս են՝ մասնակցելու համաժողովների, մարզական միջոցառումների։ Այս տարի մեկնարկեց նաև առողջապահական զբոսաշրջությունը։ Ունեցանք անդրանիկ համաժողովը։ Հաջորդ տարի այն կդառնա միջազգային, և Հայաստանը կդիրքավորենք որպես մատչելի ու որակյալ բժշկական ծառայություններ մատուցող երկիր»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ներգնա տուրիզմի աշխուժացմանը՝ Գևորգյանն ընդգծեց, որ ընթացիկ տարում 10 մարզերում կազմակերպվել են դասընթացներ, որպեսզի հյուրատների և հյուրանոցների ծառայությունների որակը լավանա, որպեսզի մարզային ծառայությունները դառնան ավելի հասանելի ու մատչելի։

«Ներքին զբոսաշրջությունը խթանելու համար նախևառաջ անցկացվում են փառատոններ։ 12 փառատոններից միայն մեկն է անցկացվել Երևանում։ Կան տարբեր զբոսաշրջային ծրագրեր, որոնք իրականացվում են համայնքների հետ»,- եզրափակեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։