Սարգիս Խանդանյանը Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի նախագահի և ԱԳ նախարարի հետ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը

screenshot-2025-12-10-211655-1765387022753-770x_

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սարգիս Խանդանյանը։

ԱԺ պատգամավորի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկվել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության խորացման գործում, անդրադարձել է կատարվել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, ինչպես նաև՝ երկու երկրներում իրականացվող կրթական, սոցիալական և ենթակառուցվածքային բարեփոխումներին։

Սարգիս Խանդանյանը, խոսելով Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպման մասին, նշել է, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի փոխայցերի դինամիկան ու արդյունավետությունը։

«Քննարկել ենք Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հնարավորությունները, այդ համատեքստում՝ տարածաշրջանը տարանցիկ և լոգիստիկ կարևոր հանգույց դարձնելու հեռանկարները։ Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ կարևորելով այդ գործընթացում բարեկամ Վրաստանի աջակցությունը»,-ասված է Խանդանյանի գրառման մեջ։