Մենք թույլ չենք տա եվրոպական քաղաքական կյանքին միջամտելու uպառնալիքները. Կոշտան՝ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին
ԵՄ-ն ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ տեսնում է Եվրոպայի ներքին գործերին միջամտելու ծրագրեր, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Բրյուսելում կայացած ֆորումում ելույթ ունենալիս՝ Euronews-ի փոխանցմամբ։
«Մենք թույլ չենք տա եվրոպական քաղաքական կյանքին միջամտելու սպառնալիքները։ ԱՄՆ-ն չպետք է փոխարինի եվրոպացի քաղաքացիներին՝ որոշելով, թե որ քաղաքական կուսակցություններն են լավը, և որոնք՝ վատը», – ասել է Կոշտան՝ մեկնաբանելով ԱՄՆ նոր ռազմավարությունը։
Նա նաև արձագանքել է ԱՄՆ իշխանությունների քննադատությանը Եվրահանձնաժողովի կողմից X սոցիալական մեդիա հարթակին սահմանված 120 միլիոն եվրո տուգանքի և Բրյուսելի կողմից խոսքի ազատության խախտման մեղադրանքների վերաբերյալ։
«Խոսքի ազատություն չի կարող լինել, եթե եվրոպացի քաղաքացիների տեղեկատվության իրավունքը պետք է զոհաբերվի ամերիկացի տեխնոլոգիական օլիգարխների պաշտպանության համար», – նշել է նա։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը զայրացրել է ԵՄ պաշտոնյաներին։
Դեկտեմբերի 5-ին հրապարակված փաստաթղթում, այլ մտահոգությունների շարքում, արտահայտվում է այն մտավախությունը, որ 20 տարի անց Եվրոպան կդառնա անճանաչելի և կկանգնի ոչնչացման եզրին՝ ԵՄ ղեկավարության և այլ վերազգային կառույցների դիվերսիոն քաղաքականության պատճառով։ ԱՄՆ վարչակազմը կասկածներ է հայտնել, որ որոշ եվրոպական երկրներ կունենան Վաշինգտոնի հուսալի դաշնակիցներ մնալու համար անհրաժեշտ տնտեսական և ռազմական ներուժը։
