Հայաստանում բարեկեցիկ կյանքը շոշափելի իրականություն է. 2026 թվական մուտք ենք գործում ավելի վստահ և կայուն, քան երբևէ. Վահե Հովհաննիսյան
Պետական բյուջեի եկամուտների ծախսերի և դեֆիցիտի անվանական ցուցանիշների փոփոխությունը չի հանգեցրել վերջիններիս գծով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ կշիռների փոփոխության: Կառավարության պարտք ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի նախնական նախագծի 53,5%-ի համեմատ նվազել է 0,6%-ային կետով՝ կազմելով 52,9%: Այս մասին Ազգային ժողովում, ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը ներկայացնելու ժամանակ, ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ նվազել է 0,2 միլիարդ դրամով։ Պաշտոնական դրամաշնորհները նվազել են 0,8 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է նպատակային և աջակցության դրամաշնորհների փոխարժեքի փոփոխությամբ, ինչպես նաև նպատակային դրամաշնորհների վերանայմամբ։ Այլ եկամուտների 0,6 միլիարդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատումով, ինչպես նաև փոխարժեքի փոփոխությամբ»,-մանրամասնել է նախարարը։
Հովհաննիսյանն ասել է, որ երկրի ինստիտուցիոնալ կարողությունները զարգանում են արագ աճող հնարավորություններին համընթաց, ինչը վկայում է, որ զարգացումը պատահական և ժամանակավոր չէ, այլ խորապես գիտակցված գործընթաց, որը ամբողջությամբ ուղղորդվում է մեր պետության կարևորագույն կառուցակարգերի զարգացմամբ:
«Սա վստահություն է տալիս բոլոր հայաստանցիներին, որ մեր երկրում արժե ապրել և ստեղծագործել, իսկ միջազգային ներդրողներին ու գործընկերներին, որ Հայաստանը կանխատեսելի, հուսալի և հետաքրքիր վայր է տնտեսական նոր ծրագրեր իրականացնելու համար։ Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն»,-նշել է Վահե Հովհաննիսյանը, հավելելով, որ սա յուրաքանչյուրին տալիս է Հայաստանում կատարելագործվելու և զարգանալու անչափելի ազատություն և հրաշալի հնարավորություններ:
Նա նաև հայտարարել է, որ 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքի վերջին վերլուծությունը հիմք է տալիս կանխատեսելու, որ 2025 թվականի ավարտին ծրագրված 5,5% բյուջեի դեֆիցիտի փոխարեն կլինի 5% չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում պետական պարտքը չի հատի ՀՆԱ նկատմամբ 50% շեմը։
«Այս ամենով հանդերձ 2026 թվական մուտք ենք գործում ավելի վստահ, քան երբևէ, կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով և ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ՝ կառուցելու մրցունակ և ներառական Հայաստան: Համոզված, որ ձեռնարկված բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքները, որ տնտեսության ներուժը ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նպատակային և արդար»,-եզրափակել է Ֆինանսների նախարարը:
