2026թ-ին պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43%-ը. ֆինանսների նախարար

screenshot-2-1761554425735-770x_

Եթե խոսենք արդեն որոշ առանձնահատկությունների մասին, պետք է արձանագրեմ, որ 2026 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 704 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 719 և 803 միլիարդ դրամ։ Այս մասինն ԱԺ-ում 2026թ. պետական Բյուջեի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2026 թվականին տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը 22%-ից ավելով կգերազանցեն 25 թվականին պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը։ Այսինքն, մենք առանձնացրել ենք պաշտպանության նախարարության և տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը»,- նշել է նախարարը:

«Արդյունքում 26 թվականի տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3.4%ը, իսկ 27-28 թվականին 3.2 և 3.6%-ը։ Պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43%-ը՝ 26 թվականին։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն մոտ 993 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար մեկ տրիլիոն 62 միլիարդ և մեկ տրիլիոն 123 միլիարդ դրամ։ Դրանք 9.6%-ով կգերազանցեն 2025 թվականի պետական բյուջեով սահմանված սոցիալական պաշտպանության ծախսերը, իսկ 27-28 թվականներին 17.6 և 24 24%-ով։ Արդյունքում, 26 թվականին սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 8.3%ը՝ պահպանելով 25 թվականի մակարդակը, իսկ 27-28 թվականին կկազմեն համապատասխանաբար 8.2 և 8%»,- ավելացրել է Հովհաննիսյանը: