Ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ, նրանք ուզում են՝ Հայաստանը դառնար մարիոնետային պետություն և ընդդիմությունից որևէ մեկն էլ լիներ այդ մարիոնետը. Կոնջորյան
Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես անցկացրեց ընդդիմությունն ամառային արձակուրդները, երկար մտածելու կարիք չկա, որովհետև քիչ առաջ տեսանք՝ որևէ նոր բան չեն սովորել մեր գործընկերները: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:
«Նույն տեքստերը ՝ հին, չարչրկված, մաշված տեքստերը. ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ: Հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո ընդդիմությունը նորից պիտի փորձի երգել հին երգերը:
Հիշեցնեմ, որ այն մարդիկ, որոնց մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ: Ահա այս մարդկանց մասին էր խոսում ընդդիմությունը՝ հերթական անգամ իր հին ու տափակ տեքստերի արտաբերմամբ»,- ասաց Կոնջորյանը:
Ապա նա թվեց, թե ինչ կլիներ, եթե այդ «ահաբեկչության փորձը» հաջողվեր:
«Առնվազն չէր լինի օգոստոսի 8-ը, առնվազն չէր նախաստորագրվի խաղաղության պայմանագիրը, առնվազն չէր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայանգիրը, ըստ որի, ճանապարհներն ապաշրջափակվելու են հինգ սկզբունքների վրա:
Այսօր Հայաստանում և տարածաշրջանում գործում է խաղաղություն, խաղաղությունն առավել քան իրատեսական է, չէր լինի այս ամենը: Ակնհայտ է չէ՞, որ այդ ահաբեկչության փորձն այն բանի համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր, որ Հայաստանում տեղի ունենար զինված հեղաշրջում, որ Հայաստանը դառնար մարիոնետային պետություն և ընդդիմությունից որևէ մեկն էլ դառնար այդ մարիոնետը: Ամբողջ պայքարը դրա մասին էր, և այդ պայքարը ձախողվել է»,- ասաց նա:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն իրենց ելույթներում անդրադարձել էին պատգամավոր Արթուր Սարգսյանի, Միքայել և Բագրատ Սրբազանների, Սամվել Կարապետյանի և այլ կալանավորվածների խնդրին՝ նշելով, որ վերջիններս ապօրինի քաղաքական հետապնդման են ենթարկվում:
