Վատիկանը սրբադասել է իտալացի դեռահաս Կառլո Ակուտիսին

6665555-1757318741635-770x_

Հռոմի պապ Լևոն XIV-ը սրբադասել է դեռահաս Կառլո Ակուտիսին, որը մահացել է 2006 թվականին։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը:

Ինչպես նշում է հրատարակությունը, հանդիսավոր պատարագը, որի ժամանակ Հռոմի պապը սրբադասեց Կառլո Ակուտիսին (1991-2006) և Պիեռ Ջորջո Ֆրասատիին (1901-1925), տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում: Տոնական պատարագին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մոտ 80 հազար ուխտավորներ: Հռոմի պապ Լևոն XIV-ը դիմել է բոլոր հավատացյալներին, հատկապես երիտասարդներին՝ նշելով, որ նոր սրբերը սովորեցնում են չվատնել կյանքը:

BBC-ի փոխանցմամբ՝ իր կարճատև կյանքի ընթացքում Կառլո Ակուտիսը ստեղծել է կայքեր, որտեղ պատմել է «հրաշքների» մասին: Դեռահասը մահացել է լեյկոզից, երբ ընդամենը 15 տարեկան էր: Նրա սրբադասումը պետք է տեղի ունենար ապրիլի վերջին, սակայն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառով արարողությունը ստիպված էին հետաձգել: Նշվում է, որ սրբադասման համար անհրաժեշտ էր ճանաչել Ակուտիսի կողմից կատարված երկու հրաշքները: 2020 թվականին նա երանելի է ճանաչվել՝ երբ նրան վերագրել են առաջին հրաշքը՝ ենթաստամոքսային գեղձի վրա ազդող բնածին հիվանդությունից բրազիլացի երեխայի ապաքինումը: Երկրորդ հրաշքը ճանաչվել է 2024 թվականի մայիսին: Այն կապված է Ֆլորենցիայի համալսարանի մի ուսանողի ապաքինման հետ, որը գլխի վնասվածքից հետո ուղեղի արյունազեղում էր ստացել: