Հնդկաստանը հերքում է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ի անդամակցության արգելափակման մասին լուրը
Հնդկաստանը հերքել է այն տեղեկությունները, որ Դելին Չինաստանի Տյանցզին քաղաքում վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ արգելափակել է Ադրբեջանի անդամակցության հայտը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ):
Հնդկաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ժամանակային սահմանափակումների պատճառով է Ադրբեջանին և Հայաստանին անդամ պետություններ ընդունելու անհնարինությունը:
«Ժամանակային սահմանափակումների պատճառով անդամ պետությունները չկարողացան որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ Տյանցզինում։ Հարցը դեռևս քննարկման փուլում է խմբի կողմից», – ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին:
