Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Մակրոն

347507065953742-1756984895634-770x_

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Դաշնակիցների ներդրումները փաստաթղթավորվել և հաստատվել են պաշտպանության նախարարների մակարդակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են։ Այժմ դրանք աջակցություն կստանան քաղաքական մակարդակով, և սա մեզ հիմք է տալիս վճռականորեն հայտարարելու, որ մենք պատրաստ ենք Ուկրաինայի և եվրոպացիների համար ամուր, երկարատև խաղաղության», – Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերել Le Monde պարբերականը։

«Եվրոպան պատրաստ է դրան՝ առաջին անգամ նման մակարդակի ներգրավվածությամբ և ինտենսիվությամբ», – հավելել է նա։

Բացի այդ, X-ում Մակրոնն անդրադարձել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ առաջիկա հանդիպմանը։

«Նախագահ Զելենսկու հետ ենք Փարիզում՝ «կամեցողների կոալիցիայի» հանդիպման նախաշեմին։ Ուկրաինացի ժողովրդի անվտանգությունը մեր սեփական անվտանգությունն է», – նշել է Մակրոնը գրառման մեջ։

Նրա խոսքով`Եվրոպան առաջ է շարժվում իրադրությանը համապատասխան՝ ապահովելով անվտանգության ամուր երաշխիքներ։

«Մենք պատրաստ ենք կառուցել ամուր և երկարատև խաղաղություն Ուկրաինայում», – նշել է նա գրառման մեջ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ շուրջ 30 առաջնորդներ սեպտեմբերի 4-ին Փարիզում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ Կիևի ապագա անվտանգության երաշխիքները քննարկելու համար։