ՀՀ ԲՏԱ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

2025-08-22-20-50-39-1755881501505-770x_

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաները երկու երկրների համագործակցության ուղղություններից է։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Նա նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կփորձի առավել խորացնել երկկողմ համագործակցությունը՝ հատկապես համատեղ ծրագրերի, տեխնոլոգիական, գիտակրթական փոխանակումների և ներդրումային նախաձեռնությունների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկման կենտրոնում եղել են գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ոլորտները, մասնավորապես՝ տիեզերական տեխնոլոգիաներ, կիբեռանվտանգություն, թվայնացում, տեխնոլոգիական արդյունաբերություն:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությանը, չինական ընկերությունների ներգրավման և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։