Մորթի, ուղղափառ քահանաներ և 7,2 միլիոն դոլար արժողությամբ գործարք․ ինչպես Ռուսաստանը Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին. The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ աշխարհագրության ու պատմության տեսակյունից լեզվի սայթաքում թույլ տվեց՝ հեռուստաեթերում ասելով, որ նախատեսում է ուրբաթ «Ռուսաստանում» հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկար սպասված և բարձր կարևորության գագաթնաժողովի համար։ Սա ԱՄՆ նախագահի հերթական վրիպակներից էր․ սակայն եթե նա այդ արտահայտությունն աներ ավելի քան մեկուկես դար առաջ, այն ճիշտ կլիներ. այս մասին գրոմ է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը՝ ներկայացնելով «Մորթի, ուղղափառ քահանաներ և 7,2 միլիոն դոլար արժողությամբ գործարք․ ինչպես Ռուսաստանը Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին» վերտառությամբ հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածքը՝ մասնակի կրճատումներով.
«Ալյասկան, որի մարզային մայրաքաղաքը Նովո-Արխանգելսկն էր, եղել է Ռուսական կայսրության կազմում մինչև ցար Ալեքսանդր II-ը 1867 թ․ այն վաճառվեց ԱՄՆ-ին։ Երբ Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարի Ալյասկայում, նրան կդիմավորեն Ռուսաստանի նախկին ներկայության հետքերը։ Բարանոֆ կղզու վայրի, ժայռոտ ափերից մինչև նահանգի ամենամեծ քաղաք Անքորիջը, դեռ պահպանվել են սոխուկաձև գմբեթներով ռուսական ուղղափառ եկեղեցիներ։
Ռուսաստանի ամրապնդումն Ալյասկայում սկսվել է ոչ թե բանակներով, այլ մորթիներով։ 18-րդ դարի կեսերին վաճառականներն ու արկածախնդիրները շարժվեցին դեպի արևելք՝ անցնելով Սիբիրի միջով՝ ոգեշնչված ծովային ջրասամույրների մորթու շահավետ առևտրի մասին խոստումներով։ 1780-ականներին Եկատերինա Մեծը թույլատրել է Ռուս-ամերիկյան ընկերության ստեղծումը՝ դրան տալով մենաշնորհ տարածքում առևտրի և կառավարման համար։
Ալեքսանդր Բարանովը՝ մի հաստատակամ վաճառական, 18-րդ դարի վերջում ամրապնդել է Ռուսաստանի վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ՝ ընդլայնելով բնակավայրերը և անողոք կերպով ճնշելով դիմադրությունը, հատկապես տեղացի թլինգիթների կողմից, որոնք նրան տվել էին «Անսիրտ» մականուն։
Շուտով ռուս ուղղափառ քահանաները հետևեցին՝ հիմնելով միսիոներական առաքելություններ և կառուցելով եկեղեցիներ: Նովոարխանգելսկում (այժմ՝ Սիտկա) նրանք տեղում կառուցեցին Սուրբ Միքայելի տաճարը, որի կանաչ գմբեթը մինչև հիմա վեր է հառնում սառցադաշտերի ֆոնի վրա՝ ավելի քան 150 տարի անց:
Սակայն 19-րդ դարի կեսերի դրությամբ Ռուսական կայսրությունը սկսել էր Ալյասկան դիտարկել որպես ավելի շատ պարտավորություն, քան ակտիվ, և անկկատ փորձում էր դրա համար գնորդ փնտրել։ Ղրիմյան պատերազմում խայտառակ պարտությունից հետո այդ տարածքը դարձել էր Սանկտ Պետերբուրգի համար ֆինանսական ծանր բեռ, որին միանում էին նաև Խաղաղ օվկիանոսում Բրիտանիայի ռազմածովային ներկայության ընդլայնման վերաբերյալ աճող մտավախությունները։
1867 թվականի հուլիսին ընկերոջը ուղղված նամակում Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանորդ և վաճառքի գլխավոր բանակցող Էդուարդ դե Ստոկլը խոստովանել է. «Իմ պայմանագիրը հանդիպել է ուժեղ դիմադրության… բայց դա բխում է այն փաստից, որ հայրենիքում (Ռուսական կայսրությունում) ոչ ոք պատկերացում չունի մեր գաղութների իրական վիճակի մասին: Պարզապես հարց է՝ դրանք վաճառե՞լ, թե՞ սպասել, մինչ դրանք կխլեն ուրիշները»:
Ալյասկայի վաճառքը դարձավ հազվագյուտ դիվանագիտական «շահում-շահում» (win-win) արդյունք․ Ռուսաստանի համար՝ կանխիկ գումար ստանալու, Ատլանտյան օվկիանոսի այն կողմում նոր, զարգացող դաշնակից ձեռք բերելու և Բրիտանիայի հետ հնարավոր բախումից խուսափելու միջոց, իսկ ԱՄՆ-ի համար՝ հնարավորություն կանխելու եվրոպական ներթափանցումը և ամրապնդելու իր աճող ազդեցությունը Խաղաղ օվկիանոսում։
Այնուամենայնիվ, երբ Ռուսական կայսրությունը 1867 թ․ համաձայնեց վաճառքին, երկու կողմից էլ քչերն էին սկզբում դա համարում աներկբա հաղթանակ։
Սանկտ Պետերբուրգում ոմանք վաճառքն ընկալեցին որպես կայսրության հերթական խայտառակություն։ Գաղութը, որը հեռավոր էր և պահելու տեսանկյունից թանկարժեք, երբեք կայսրության գոհարը չի համարվել, սակայն վաճառքի գինը՝ 7,2 մլն դոլար, շատերին թվաց վիրավորականորեն ցածր։
«Գոլոս» լիբերալ թերթը գործարքը որակեց որպես «խորապես զայրացնող բոլոր ճշմարիտ ռուսների համար»։
«Արդյո՞ք ազգի հպարտության զգացումն այնքան անարժեք է, որ կարելի է այն զոհաբերել ընդամենը վեց կամ յոթ միլիոն դոլարի դիմաց», – գրել էր թերթը։
Մինչդեռ ԱՄՆ-ում պետական քարտուղար Ուիլյամ Հ. Սյուարդը, ով բանակցել էր վաճառքի պայմանագիրը, ծաղրի ենթարկվեց հայրենիքում. քննադատները նրան մեղադրեցին սառույցով պատված անապատի համար անտրամաբանական մեծ գումար ծախսելու համար։ New-York Daily Tribune-ը գնման գործարքը որակեց որպես «անանցանելի ձյան անապատների ձևական տիրապետություն»։
«Մենք կարող ենք պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, բայց չենք կարող պայմանագիր կնքել Հյուսիսային քամու կամ Ձյունի թագավորի հետ», – գրված էր խմբագրականում։
Որոշներն էլ մտածում էին՝ արդյոք գինը կասկածելիորեն ցածր չէ, և արդյոք Ռուսաստանը պարզապես չի ազատվել անարժեք տարածքի մի կտորից։ «Ռուսաստանը մեզ վաճառել է հյուաքամ արված մի նարինջ։ Ինչ արժեք էլ որ այդ տարածքը և նրա մերձակա կղզիները կարող են ունենալ մեզ համար, դրանք այլևս որևէ արժեք չունեն Ռուսաստանի համար», – գրել էր New York World-ը 1867 թ․ ապրիլի 1-ին։
Սակայն այդ ընկալումը շուտով կտրուկ փոխվեց։ 19-րդ դարի վերջի ոսկու տենդը և տասնամյակներ անց նավթահանքերի հայտնաբերումն Ալյասկան, ինչը մի ժամանակ ծաղրվում էր որպես հիմարություն, վերածեց ԱՄՆ-ի ամենահարուստ ռեսուրսներով տարածքներից և պատմության մեծագույն գործարքներից մեկի։
Էժան վաճառքը մնաց ռուսների հիշողության մեջ՝ երբեմն ներշնչելով ծայրահեղական ազգայնական կոչեր՝ Ալյասկան վերադարձնելու համար։ 1974 թ․, երբ ամերիկացիները բողոքում էին, որ ԽՍՀՄ-ը ցորենի համար վճարել է շատ ցածր գին, խորհրդային առևտրային պաշտոնյա Վլադիմիր Ալկիմովը սարկազմով նկատել էր, որ Ալյասկան վաճառվել է ընդամենը 7 միլիոն դոլարով…
Այս շաբաթ Թրամփի և Պուտինի հանդիպման ժամանակ Ալյասկայի ետնապատկերը կլինի ռուս-ամերիկյան պատմական կապերի վերականգնման հեռանկարը։ Կիևի համար հույսն այն է, որ այս անգամ այդ ջերմությունը չի լինի նրա տարածքի հաշվին և որ մեծ ուժերի միջև գործարքներում տարածքների փոխանակման դարաշրջանն անցյալում է»։
