ՀՀ-ի իրավազորության ներքո է գտնվելու ճանապարհը. մաքսային ստուգման մեթոդի մասին ինֆորմացիա չեմ կարող տալ. Դավիթ Խուդաթյան
Տեխնիկական հարցերի հետ կապված, նորից պիտի ասեմ, որ այդ հարցը պիտի հասցեագրվի աշխատանքային խմբերին, որոնք կձևավորվեն այս ծրագիրը իրականացնելու համար։
Այս պահին առնվազն հրապարակման ենթակա չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանի բացումից հետո, 42 կիլոմետրի վրա սահմանային և մաքսային ստուգումը իրականացնելու են հայ սահմանապահները:
«Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո է գտնվելու ճանապարհը, դրանից բխող և՛ տեխնիկական, և՛ բովանդակային բոլոր հարցերին ես արդեն պատասխանեցի՝ մաքսային ստուգման մեթոդի մասին ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետև դա նեղ մասնագիտական հարց է, և այդ մեթոդիկայի մասով ես չէ, որ պետք է ինֆորմացիա փոխանցեմ», – նշել է Խուդաթյանը:
Նա ընդգծել է, որ քաղաքական ամենակարևոր հարցը, որը ձևակերպվել է փաստաթղթում, դա տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձելիության սկզբունքի պահպանումն է:
«Դա մի բան էր, որ, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը կասկածի տակ էր դնում մինչև փաստաթղթի հրապարակվելը, նույնը և վերաբերում էր «Խաղաղության պայմանագրին»: Չեմ զլանա ասել, որ այնպիսի լալահառաչ, այնպիսի ողբերգական, «եթե»-ով ձևակերպված հարցեր, ինչպիսիք տրվում էին նաև «Խաղաղության պայմանագրի» տեքստի հետ կապված՝ ամբողջությամբ զրոյացվեցին տեքստի հրապարակումից հետո: Հիմա, ինձ թվում է՝ նորից նույն պատմությունն է կրկնվում»,-ասել է ՏԿԵ նախարարը, հավելելով, որ չեն թողնի նույն պատմությունը կրկնվի:
