Փաշինյանն Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա

530976680-1427191712739367-5768477958740267971-n-1754900689292-770x_

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հաղորդում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։

Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կարևորությունը։