Հարսի և սկեսուրի հիմնադրած ընկերությունները մասնակցել են միևնույն մրցույթին. Hetq.am
2021 թվականի նոյեմբերի 23-ին Պետական եկամուտների կոմիտեն պահնորդական ծառայություններ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարել։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 ընկերություն՝ «Ար-մոբիլ» ՓԲԸ-ն, «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն, «Պահապան 1» ՍՊԸ-ն, «Օռլան Սիքյուրիթի» ՍՊԸ-ն, «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ն, «Քինգ մարշալ» ՍՊԸ-ն և «Լիոն սեքուրիթի սերվիս» ՍՊԸ-ն։ Գրում է Հետքը։
Աշխատանքի համար ՊԵԿ-ի առաջարկած առավելագույն գինը 522 մլն դրամ էր։ Մրցույթին հայտ ներկայացրած բոլոր ընկերությունների գնային առաջարկները նախահաշվային գնից բարձր են եղել։
Բանակցությունների արդյունքում ընկերություններն իջեցրել են իրենց գնային առաջարկները։ Ամենացածր գինն առաջարկել է «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն՝ 360 մլն դրամ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Պահապան 1» ՍՊԸ-ն, որն առաջարկել էր 498 մլն դրամ։
2022 թվականի փետրվարի 8-ին «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն դիմել է գնահատող հանձնաժողովին և տեղեկացրել, որ հրաժարվում է պայմանագրի կնքումից։
Հանձնաժողովը որոշել է ընտրված մասնակից ճանաչել «Պահապան 1» ՍՊԸ-ին, իսկ «Սուր և նիզակ» ՍՊԸ-ի վերաբերյալ նյութերն ուղարկել է Ֆինանսների նախարարություն՝ վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերություններ ցուցակում (սև ցուցակ) ներառելու համար։
2022 թվականի փետրվարի 28-ին «Պահապան 1» ՍՊԸ-ի և ՊԵԿ-ի միջև կնքված համաձայնագրով ընկերությունը համաձայնել է նվազեցնել մատուցվելիք ծառայության արժեքը՝ այն սահմանելով 470 մլն դրամ։ Սեպտեմբերի 12-ին պայմանագրի գինը նվազեցվել է ևս մեկ անգամ եւ դարձել 438 մլն 691 հազար դրամ։
«Պահապան 1» ՍՊԸ-ի հիմնադիրը և միանձնյա սեփականատերը Աննա Վանեցյանն է։ Աննա Վանեցյանի որդին՝ Արսեն Կոստանդյանը, 2017-2023 թթ. զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի, իսկ 2023-2024 թվականներին՝ Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնը։
«Սուր և նիզակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Ընկերության հիմնադիրը Վիկտորյա Մելիք-Սարգսյանն է` Արսեն Կոստանդյանի կինը։ 2021 թվականի դեկտեմբերին Մելիք-Սարգսյանը դուրս է եկել ընկերությունից, և ընկերության սեփականատեր է դարձել Կարինե Սողոմոնյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
