ՀՀ ԱԳ փոխնախարարը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կիբեռանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի, միջուկային էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը:
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա համագործակցության ընթացքը՝ ընդգծելով ՀՀ կառավարության՝ ԵՄ հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է երկխոսությունը Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային ընթացիկ զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դագ Հարթելիուսին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը:
