Թրամփի պրոտեկցիոնիստական միջոցները BRICS-ի նկատմամբ հեռանկար չունեն. Չինաստանի ԱԳՆ

tramp-2025-gettyimages-2192426947-d05c22147feb132ee2dbafb1a109eb79-1200x675-1751883213002-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական ​​քաղաքականությունը BRICS-ի անդամ պետությունների և դրանց գործընկերների նկատմամբ անհեռանկարային է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմն ապագա չունի», — ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ։

Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինը մշտապես դեմ է հանդես գալիս ճնշում գործադրելու և հարկադրելու նպատակով մաքսերի կամայական կիրառմանը։

«Դա չի համապատասխանում կողմերից ոչ մեկի շահերին», — հավելել է նա։

Մաո Նինը նաև հիշեցրել է, որ BRICS-ը կարևոր հարթակ է կազմավորվող շուկաների հետ պետությունների փոխգործակցության համար՝ «քարոզելով բացության սկզբունքը, ներառականությունը և փոխշահավետ համագործակցությունը»։ Նա հիշեցրել է, որ այդ միավորումը չի ձգտում  հրահրել միջբլոկային առճակատում։

Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր, որ BRICS-ի քաղաքականությանն աջակցող պետությունների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% առևտրային մաքսատուրքեր: