Խոսելու ժամանակն անցել է, եկել է գործելու ժամանակը․ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը փոխգործակցության հուշագիր ստորագրեցին (տեսանյութ)
Խոսելու ժամանակն անցել է, եկել է գործելու ժամանակը։ Քաղաքական գործընթացների հետ կապ չունեցող երկու նախաձեռնությունները՝ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը փոխգործակցության հուշագիր ստորագրեցին։
Հետամուտ լինելով հայտարարված սկզբունքներին՝ երկու նախաձեռնությունների նպատակը մեկն է՝ նպաստել այն խնդիրների ու մարտահրավերների լուծմանը, որոնք այսօր առկա են Հայաստանում։ «Երկու նախաձեռնությունն էլ վերկուսակցական գաղափարներով են առաջնորդվում, ինչը շատ կարևոր է»,-ասում է «Հայաստանը ես եմ»-ի ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանն այնպիսի գոյաբանական խնդրի առջև է կանգնած, որ այլևս քաղաքականություն գոյություն չունի։
Նաիրի Սարգսյանի խոսքով, երկու նախաձեռնությունների հիմնական նպատակն է աշխատել քառասյուն արժեքների վրա, որը մեր պետականության պահպանումն է համատեղ ուժերով, եկեղեցին ու ազգային արժեքները, մեր ինքնությունը, սփյուռքը, ինչպես նաև արցախահայերի իրավունքների պաշտպանությունը ու նրանց վերադարձն իրենց բնօրրան՝ արժանապատիվ ապրելու համար։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Աբովյանը համատեղ աշխատանքն այսպես է պատկերացնում․քանդել ՀՀ իշխանությունների կողմից ստեղծված արհեստական օրակարգերը, որը բերում է ներքին պառակտումների։
Նաիրի Սարգսյանը վստահեցնում է, հուշագիրը չի ստեղծում պարտականություններ, այլ միայն բարի կամքի դրսևորում, միմյանց հետ փորձի , տեղեկատվության փոխանակում ուժերի համախմբման համար ու չի պարտադրում անգամ պարտադիր հանդիպումներ, եթե դրանք լինեն էլ, ապա պետք է ինքնանպատակ չլինեն, քանի որ դա կլինի պարզապես ժամանակի անտեղի վատնում, իսկ հասարակությունը հոգնել է անտեղի հավաքվելուց ու միայն լսելուց՝ առանց գործողություններ տեսնելու։
