Ցանկանում ենք՝ տարածաշրջանը «30-ամյա օկուպացիայից» հետո դառնա կայունության կենտրոն. Էրդողանը՝ Արցախում

photo-2025-05-28-15-06-32-770x_

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը եղբայրական երկրներ են՝ ընդհանուր գաղափարներով. մենք աջակցում ենք ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված յուրաքանչյուր քայլի.  այս մասին օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում կայացած եռակողմ գագանաժողովում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այսօր առավոտյան բացված Լաչինի միջազգային օդանավակայանը  կնպաստի տարածաշրջանի զարգացմանն ու աշխարհի հետ ինտեգրմանը։ Ցանկանում ենք, որ այս տարածաշրջանը «30-ամյա օկուպացիայից» (չակերտները՝ Tert.am) ազատագրումից հետո դառնա կայունության և զարգացման կենտրոն», – ասել է նա:

Օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում (Լաչին) մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շահբազ Շարիֆի գագաթնաժողովը:

«Մենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր Թուրքիայի և Պակիստանի՝ մեր երկրին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության համար», – ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Քաշաթաղում կառուցված միջազգային օդանավակայանի բացմանը, ծանոթացել Քաշաթաղից Քարվաճառ ճանապարհի կառուցման աշխատանքներին: