Ռուսական «Իսկանդեր» հրթիռը Բեռլին կհասնի ավելի արագ, քան գերմանական Taurus հրթիռները՝ ռուսական քաղաքներ. Ռուսաստանում սպառնացել են Գերմանիային
Ռուսական «Իսկանդեր» հրթիռն ավելի արագ կհասնի Բեռլին, քան գերմանական «Taurus» հրթիռները՝ ռուսական քաղաքներ։ Այս մասին հայտարարել է Ղրիմի շրջանից Պետդումայի պատգամավոր, պաշտոնաթող գեներալ-մայոր Լեոնիդ Իվլևը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը Ուկրաինայի համար հրթիռների կիրառման սահմանափակումները վերացնելու մասին։
Քաղաքական գործիչը նշել է, որ Գերմանիայի կանցլերը կարծես թե մոռանում է, որ Ռուսաստանը կարող է լիովին պատասխանել ցանկացած ագրեսիայի ու իր անվտանգությանը սպառնացող վտանգի։
«Մերցը, ըստ երևույթին, չգիտի, որ, օրինակ, «Իսկանդերը» Կալինինգրադի պաշտպանական շրջանից շատ ավելի արագ կթռչի Բեռլին», – ասել է պատգամավորը։
Իսկ ահա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կիևի համար հեռահար հրթիռների մասին Մերցի հայտարարությունները, նշել է, որ «Գերմանիան սահում է նույն ճանապարհով, ինչով արդեն գնում էր նախքան իր փլուզումը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Գերմանիան այլևս չի սահմանափակում Կիևին մատակարարվող զենքի տեսականին։ Բացի այդ, Մերցը հավելել է, որ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն նույնպես հանել են Ուկրաինային մատակարարվող զենքի տեսականու սահմանափակումները։
