Հորդանանի գետի Արևմտյան ափում ծննդաբերության համար հիվանդանոց շտապող հղի կին է սպանվել
Հորդանան գետի Արևմտյան ափում զինված պաղեստինցին կրակ է բացել՝ սպանելով ծննդաբերության համար հիվանդանոց շտապող 30-ամյա հղի կնոջը: Ցիլա Գեզը, որն արդեն 3 երեխայի մայր էր, շտապ տեղափոխվել է Թել Ավիվի մերձակայքի հիվանդանոց, որտեղ բժիշկները կատարել են շտապ կեսարյան հատում։
Կինը մահացել է, սակայն երեխան փրկվել է՝ ծանր վիճակում։ Զոհի ամուսինը՝ Խանանել Գեզը, որը վարում էր մեքենան, թեթև վնասվածքներ է ստացել, գրում է The Telegraph-ը։
Իսրայելի ոստիկանությունն այժմ որոնում է հանցագործին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է․ «Խորապես ցնցված եմ ծննդատուն ուղևորվող հղի կնոջ և նրա ամուսնու նկատմամբ իրականացված սարսափելի հարձակման պատճառով»։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ հրահանգել է բանակին «գտնել հարձակվողին և պատասխանել առավելագույն ուժով»։
