Կիևը համաձայնել է զիջել որոշ տարածքներ. Քելլոգ
Կիևը պատրաստ է զիջել իր տարածքների մի մասը՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը այս մասին ասել է Fox News-ին։
Քելլոգի խոսքով՝ Միացյալ Նահանգները նույնպես պատրաստ է մասամբ համաձայնվել Ռուսաստանի տարածքային որոշ պահանջների հետ։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն Լոնդոնում կայացած հանդիպմանը Ուկրաինայում խաղաղության վերականգնման համար առաջ է քաշել 22 կոնկրետ պայման, և Կիևը համաձայնել է այդ պայմաններին։
«Չնայած նրանք իրավական տեսանկյունից չեն պատրաստվում մշտապես ճանաչել այս տարածքները, ուկրաինացիները պատրաստ են հրաժարվել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից։ Նրանք պատրաստ են դա անել։ Նրանք հասկանում են, որ երբ հրադադար հաստատվի, կողմերից յուրաքանչյուրը կմնա իր դիրքորոշման մեջ։ Դրան են նրանք պատրաստ։ Նրանք անցյալ շաբաթ ինձ ասացին, որ արդեն քննարկել են այս համաձայնագիրը», – ասել է Քելլոգը։
