Ժերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ

befunky-collage-2025-03-24t154203228-770x_

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն այսօր Փարիզում կկանգնի դատարանի առջև՝ 2021-ին ֆիլմի նկարահանման ժամանակ երկու կնոջ նկառմամբ սեռական բնույթի ոտնձգություն կատարելու մեղադրանքով, հայտնում է apnews.com-ը:

76-ամյա կինոաստղը մեղադրվում է Les Volets Verts ֆիլմի 54-ամյա զգեստների ձևավորողի և 34-ամյա ռեժիսորի օգնականի նկատմամբ նկարահանման հրապարակում ոտնձգություն կատարելու համար:

Դատախազները պնդում են, որ խոսքն անպարկեշտ արտահայտությունների և անպատշաճ հպումների մասին է: Երկու կանայք էլ պաշտոնական բողոքներ են ներկայացրել: Նրանց ինքնությունը չի բացահայտվել սեռական ոտնձգությունների ենթադրյալ զոհերին պաշտպանելու համար: Դերասանը հերքում է մեղադրանքը։

2023 թվականի հոկտեմբերին Le Figaro-ում հրապարակված բաց նամակում Դեպարդյոն գրել էր. «Ես երբեք բռնության չեմ ենթարկել կնոջը»։ Դատավարությունն ի սկզբանե նախատեսված էր 2024 թվականի հոկտեմբերին, սակայն հետաձգվել էր՝ Դեպարդյոյի առողջական վիճակի պատճառով։ Այժմ սպասվում է, որ նա կմասնակցի երկօրյա դատական ​​նիստին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Դեպարդյոն՝ Ֆրանսիայի ամենահայտնի կինոդերասաններից մեկը,  մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։ Նախկինում շուրջ 20 կին նրան մեղադրել են ոչ պատշաճ վարքի համար, սակայն դերասանը դատարանի առաջ չի կանգնել։ Որոշ գործեր կարճվել են ապացույցների բացակայության կամ վաղեմության ժամկետի պատճառով: Սպասվում է, որ դատարանը դատաքննության ընթացքում կլսի վկաների ցուցմունքները: