Ոչ մի երկու ամիս, գնում ենք կառավարություն. վարդաշենցիներն ակցիան կշարունակեն կառավարության մոտ
Արդեն հայտնել ենք, որ քաղաքապետարանում ընդունել են ակցիա անող վարդաշենցիներին, որոնք պահանջում են իրենց տարհանել վթարային շենքից:
Նրանցից վեց հոգու ընդունել է Երևանի քաղաքպաետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը:
Իսկ թե ինչ են ասել, ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտնեցին. «Պատասխանեցին՝ համբերե՛ք, սպասե՛ք, ամեն ինչ անում ենք: Ասացինք՝ մեզ հստակ պատասխան տվե՛ք, հստակ օր, ամիս ու ժամ տվե՛ք, ասացին՝ երկու ամիս սպասեք: Ինքն ասում է՝ պետք է սպասենք, բազմաթիվ գրավոր հարցուպատասխանի մեջ են, ասում են՝ պետք է համբերենք: Չենք համբերում, գնում ենք կառավարություն»,- նշեցին նրանք:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց համար հիմք կլինի այն, որ իրենց տարհանման գործընթացը սկսի, այդ որոշումը լինի:
«Տեսնենք՝ կառավարությունն ինչ է ասելու: Այսքան գալիս-գնում ենք, չի կարելի, թող միջոցներ ձեռնարկեն, մարդու տնից կոյուղաջուրը գնում է: Ոչ մի երկու ամիս, գնում ենք կառավարություն»,- նշեցին նրանք:
