Պարագվայի Սենատը երկրի նախագահին հեռացրել է պաշտոնից․ նա տնային կալանքի է ենթարկվել

Բանկինգ08:36 | նոյեմբերի 7, 2026Պարագվայի Սենատը երկրի նախագահին հեռացրել է պաշտոնից․ նա տնային կալանքի է ենթարկվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պարագվայի Սենատը նոյեմբերի 6-ին իմպիչմենտի արդյունքում պաշտոնից հեռացրել է նախագահ Սանտյագո Պենյային, իսկ ավելի ուշ ոստիկանությունը դատախազության կարգադրությամբ նրան ձերբակալել է Ասունսիոնում գտնվող մասնավոր նստավայրում, հայտնում է ABC Color-ը։
Պետության նախկին ղեկավարը կմնա տնային կալանքի տակ՝ մինչև դատախազության տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի ստորաբաժանման տրամադրության տակ հանձնվելը։
Պենյային պաշտոնից հեռացնելու օգտին քվեարկել է 44 սենատոր։ Նա պատասխանատու է ճանաչվել իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար՝ Ueno բանկի շուրջ ճգնաժամի, կենսաթոշակային հիմնադրամների խնդիրների և ֆինանսական կառույցի շահերից ելնելով պետական միջոցներն օգտագործելու մեղադրանքների ֆոնին։ Սենատի որոշումից հետո նախագահի լիազորություններն անցել են փոխնախագահ Պեդրո Ալյանային, որը նույն օրը երդում է տվել։
Նոյեմբերի 6-ի երեկոյան Ազգային ոստիկանության աշխատակիցները ժամանել են Պենյայի մասնավոր նստավայր և նրան տեղեկացրել դատախազության կարգադրության մասին։
EFE գործակալության և ABC Color թերթի տվյալներով՝ նախկին նախագահը պաշտոնապես կալանքի է ենթարկվել և թողնվել տանը՝ ոստիկանության հսկողության ներքո, մինչև քննչական մարմիններին հանձնվելը։
Հետաքննությունը կապված է Ueno Bank-ի շուրջ տնտեսական հանցագործությունների գործի հետ։ Նույն գործով դատախազությունը կարգադրել է ձերբակալել Պարագվայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Կառլոս Կարվալյո Սպալդինգին։
Պենյայի պաշտոնանկությունն ու դրան հաջորդած ձերբակալությունը տեղի են ունեցել քաղաքական և ֆինանսական սուր ճգնաժամի ֆոնին։ Ueno Bank-ի խնդիրներն անդրադարձել են միլիոնավոր հաճախորդների վրա, իսկ միջոցների հասանելիության սահմանափակումները մտահոգություն են առաջացրել ավանդատուների և կենսաթոշակառուների շրջանում։
Հասանելի է
Թեմա
ԲանկինգՏնտեսությունՏնային կալանքՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
