Ուկրաինան դաշնակիցներից ֆինանսավորում է խնդրել՝ պատերազմի ավարտից հետո 800-հազարանոց բանակը 10 տարի պահելու համար

Բանակցություններ11:43 | նոյեմբերի 11, 2026Ուկրաինան դաշնակիցներից ֆինանսավորում է խնդրել՝ պատերազմի ավարտից հետո 800-հազարանոց բանակը 10 տարի պահելու համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուկրաինան անվտանգության երաշխիքների քննարկման ընթացքում արևմտյան դաշնակիցներից ֆինանսական աջակցություն է խնդրել՝ 800 հազար զինծառայողից բաղկացած բանակ պահելու համար։ Այս մասին AFP-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան աղբյուրը։ Նրա խոսքով՝ Կիևն ակնկալում է պատերազմի ավարտից հետո առնվազն 10 տարի ֆինանսավորում ստանալ Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) համար՝ Ռուսաստանի հնարավոր նոր ներխուժումը կանխելու նպատակով։
Անվտանգության երաշխիքները քննարկվել են նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում կայացած՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններում։ Բանակցությունները պետք է շարունակվեն այսօր՝ նոյեմբերի 11-ին։ Սա գրեթե ինը ամսվա ընթացքում նման ձևաչափով առաջին հանդիպումն է։
Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված՝ AFP-ի զրուցակիցը նշել է, որ պատերազմի ավարտը «օրակարգի կետերից միայն մեկն է», իսկ բանակցությունների գլխավոր նպատակը ողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության համակարգի վերանայումն է։ Մոսկվան պնդում է, որ անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանին։ Բանակցություններին մասնակցող՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները նշել է, որ Վաշինգտոնը հույս ունի Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև անվտանգության «նոր կառուցվածք ստեղծել», որը կապահովի «տասնամյակների, եթե ոչ դարերի խաղաղություն»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բանակցությունների առաջին օրվանից հետո հայտարարել է, որ դրանք եղել են «կառուցողական և բավական բովանդակալից», սակայն մանրամասներ չի հայտնել։ Քուշները հայտնել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է «կրճատել տարաձայնությունները» պատերազմող կողմերի միջև, բայց նույնպես մանրամասներ չի ներկայացրել։
Bloomberg-ի իրազեկ աղբյուրների խոսքով՝ բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ ներկայացուցիչները ռուսական կողմին խնդրել են հավանություն տալ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքներին, որոնք համարժեք կլինեն ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ և 5-րդ հոդվածներին։ Խոսքը դաշինքի անդամներից մեկին սպառնացող վտանգի դեպքում խորհրդակցությունների և հավաքական պաշտպանության մասին է։ Բանակցություններում Կիևի ներկայացուցիչները հաստատել են այս կետի կարևորությունը պատերազմի լիարժեք ավարտի համար։ Միաժամանակ հայտնի չէ՝ արդյոք Մոսկվան համաձայնել է ընդունել այս պայմանը։
Աբու Դաբիում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը համարվում է Կրեմլի «կոշտ գծի» ջատագովը։ Անցյալ տարվա հունիսին՝ Թուրքիայում ուկրաինական կողմի հետ հանդիպումներից մեկից հետո, նա հայտարարել էր, որ պատերազմն ավարտելու համար Ուկրաինան պետք է ընդունի Մոսկվայի պայմանները և հրաժարվի Արևմուտքի հետ ինտեգրումից։ Նա նաև պնդել էր, որ Ռուսաստանը պատրաստ է պատերազմել «այնքան, որքան կպահանջվի»։
Հասանելի է
Թեմա
ԲանակցություններՔաղաքականությունՊատերազմ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
