Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա

Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու ծրագրերը վկայում են բարոյական անկման մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Դժվար է ավելի ակնառու վկայություն գտնել այն բանի, թե ինչպիսի բարոյական և հոգևոր անկման է հանգեցնում ժամանակակից անդեմ, բարոյապես աղքատ Եվրոպայի հետ մերձեցումը և նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ եղբայրացումը», – ասել է դիվանագետը։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը չի կարող նման ծրագրերը դիտարկել երևանյան իշխանությունների կողմից ընդունված մի շարք որոշումներից և իրականացված քայլերից անջատ։ Նրա խոսքով՝ նման միջոցները նման են ընդհանուր պատմության և հիշողության նկատմամբ «իսկական ծաղրանքի»։
Դիվանագետը նշել է, որ Աբգարյանի նման վաստակաշատ մարդիկ հպարտություն են բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են «դարչնագույն ժանտախտի» նկատմամբ հաղթանակի իրական նշանակությունը, քանի որ պատմական հիշողության, համամարդկային արժեքների և բարոյական ուղենիշների պահապաններն են:
«Նրանց խիզախության և անձնվիրության շնորհիվ Հայաստանը հիմա ապրում է և կարող է ապագայի ծրագրեր կազմել։ Հավանաբար, Երևանի բարձր կաբինետներում այդ մասին մոռացել են այնպես, ինչպես մոռացան, թե հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մի քանի անգամ հանդիպել է Ռոզալյա Աբգարյանի և Հայրենական մեծ պատերազմի մյուս վետերանների հետ, այդ թվում Մոսկվայում՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում։ Քաջ իմանալով Ռոզալյա Սերգեևնայի պողպատե կոփվածքը՝ մենք չենք կասկածում, որ նա կհաղթահարի ցանկացած հարցաքննություն։ Բայց պարզ է նաև մեկ այլ բան. նրանք, որոնք ծաղրում են պատերազմի հիշողությունը, ինչպեսև եկեղեցին, ոչ մի սրբություն չունեն», – նշել է նա։
Զախարովան նաև ընդգծել է, որ Մոսկվան չի մոռացել, որ Հայաստանի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան սաստելու Վլադիմիր Զելենսկուն, երբ վերջինս Երևանում սպառնում էր հարվածներ հասցնել Կարմիր հրապարակում մայիսի 9-ի շքերթին։
Աղբյուր՝ 24News.am
