Նացիստների ժամանակ կնքված գործարքի պատճառով պահանջել են աճուրդից հանել Վան Գոգի՝ 180 մլն դոլար արժողությամբ կտավը

Արվեստ17:11 | նոյեմբերի 14, 2026Նացիստների ժամանակ կնքված գործարքի պատճառով պահանջել են աճուրդից հանել Վան Գոգի՝ 180 մլն դոլար արժողությամբ կտավը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավի նախկին սեփականատերերի ժառանգները Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տնից պահանջում են աշխատանքը հանել չորեքշաբթի երեկոյան նախատեսված աճուրդից։ Նրանք պնդում են, որ 1936 թվականին ընտանիքը կտավը վաճառել է նացիստական ռեժիմի ճնշման ներքո, հայտնում է The New York Times-ը։
1890 թվականին ստեղծված «Ծաղկած շագանակենիներ» (Châtaigniers en Fleurs) կտավի արժեքը գնահատվում է 180 մլն դոլար։
Ըստ թերթի՝ կտավը պատկանել է Ֆիշերների ընտանիքին։ 1932 կամ 1933 թվականին այն ժամանակավոր հանձնվել է արվեստի գործերի վաճառքով զբաղվող Վալտեր Ֆայլխենֆելդտին։ Գոթֆրիդ Բերման Ֆիշերը կտավն ու S. Fischer Verlag հրատարակչությունը ժառանգել էր իր աներոջից։ 1936 թվականին՝ կտավի վաճառքից երեք ամիս առաջ, նա Բեռլինից փախել էր Վիեննա։
Ժառանգների փաստաբան Գունար Շնաբելի պնդմամբ՝ Գերմանիայից հեռացող հրեաների գույքի արտահանման սահմանափակումների պատճառով ընտանիքը ստիպված է եղել վճարել այսպես կոչված «Ռայխից փախուստի հարկը»։ Ժառանգների ներկայացուցիչների կարծիքով՝ այս հանգամանքները կարող էին սեփականատերերին ստիպել վաճառել կտավը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆիշերին հաջողվել է վերականգնել հրատարակչության նկատմամբ իր իրավունքները։ Սակայն նա չի փորձել հասնել վաճառված կտավների վերադարձին․ այդ ժամանակ իրավական հիմքեր չկային փոխհատուցում ստանալու այն արվեստի գործերի դիմաց, որոնք վաճառվել էին նացիստների իշխանության տակ չգտնվող երկրներում։ Տվյալ դեպքում գործարքը կնքվել էր Նիդեռլանդներում՝ 1936 թվականին։
Նոյեմբերի 12-ի էլեկտրոնային նամակում, որին ծանոթացել է The New York Times-ը, Շնաբելը Sotheby’s-ին կոչ է արել ապացուցել, որ կտավը վաճառվել է առանց նացիստների հարկադրանքի և շուկայական գնով։ Հակառակ դեպքում, հայտարարել է փաստաբանը, «որևէ աճուրդի մասին խոսք լինել չի կարող»։
Միաժամանակ ժառանգների ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել արդար լուծում գտնել 1998 թվականի Վաշինգտոնյան սկզբունքների ոգով։ Դրանք իրավաբանորեն ոչ պարտադիր միջազգային հանձնարարականներ են՝ նացիստների կողմից հրեաներից հափշտակված կամ հետապնդումների պայմաններում վաճառված արվեստի գործերի շուրջ վեճերը կարգավորելու համար։
Sotheby’s-ում հայտարարել են, որ իրականացված ուսումնասիրությունը դեռևս չի հաստատել, որ կտավը վաճառվել է ճնշման ներքո։ Միևնույն ժամանակ աճուրդի տունն ընդունել է ընտանիքի պահանջների կարևորությունը և կառուցողական երկխոսություն վարելու պատրաստակամություն հայտնել՝ փոխընդունելի լուծման հասնելու համար։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
