Մոսկվան ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ռուսաստանը ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրները նույնպես ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Մենք ցանկանում ենք պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների կյանքերն ու ճակատագրերը միահյուսված են ոչ թե տասնամյակներով, այլ դարերով։ ՀԱՊԿ մյուս անդամ պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների սեփական պատմությունը»,- գործակալության հետ զրույցում ասել է Վասիլևը։
Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ինչպես պարզաբանել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2021-2022 թվականներին Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները դաշնակիցների կողմից չեն կատարվել, ինչի հետևանքով Երևանը «սառեցրել» է իր մասնակցությունը կազմակերպությանը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամավճարների չվճարման պատճառով կազմակերպությունը կքննարկի կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող անդամ պետությունների նկատմամբ ձեռնարկվող միջոցները։
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է որոշում ընդունել տվյալ երկրի քաղաքացիներին կազմակերպության քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև մինչև պարտքի ամբողջական մարումը կազմակերպության մարմիններում նրա ձայնի իրավունքը դադարեցնելու մասին։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց իրականացման նպատակով ընդունված այլ որոշումները, ապա խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների աշխատանքին կամ բացառել այն կազմակերպությունից։ Այս հարցերով որոշումները կայացվում են առանց տվյալ անդամ պետության ձայնը հաշվի առնելու։
Աղբյուր՝ 24News.am
