ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը ժամանել է Բեյրութ՝ խաղաղապահ առաքելության փոխարինումն ու «Հեզբոլլահի» զինաթափումը քննարկելու համար

«Հեզբոլլահ»20:11 | նոյեմբերի 15, 2026ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը ժամանել է Բեյրութ՝ խաղաղապահ առաքելության փոխարինումն ու «Հեզբոլլահի» զինաթափումը քննարկելու համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը կիրակի ժամանել է Բեյրութ՝ Լիբանանի հարավում ՄԱԿ-ի բազմամյա խաղաղապահ առաքելության փոխարինումը քննարկելու նպատակով, հայտնում է Al Arabiya-ն։
Վաշինգտոնը ձգտում է «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը վերահսկելու նոր մեխանիզմ ստեղծել և թույլ չտալ, որ խաղաղապահների հեռանալուց հետո անվտանգության վակուում առաջանա։
Ուոլցի այցը տեղի է ունենում Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) գործունեության ավարտին նախապատրաստվելու պայմաններում։ Անցյալ տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի համաձայն, առաքելության մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այդ օրը կսկսվի խաղաղապահների կազմակերպված դուրսբերումը, որը կարող է տևել մինչև մեկ տարի։
Վաշինգտոնում գնալով ավելի քննադատաբար են գնահատում UNIFIL-ի արդյունավետությունը։ Առաքելությունը ստեղծվել է 1978 թվականին՝ որպես ժամանակավոր առաքելություն, սակայն տարածաշրջանում է մնում արդեն գրեթե կես դար՝ չնայած Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բազմիցս տեղի ունեցած զինված հակամարտություններին, ինչպես նաև Լիտանի գետից հարավ խմբավորման ռազմական ներկայության վերաբերյալ մտահոգություններին։
Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրների տվյալներով, քննարկվում են երկու առանձին, բայց հնարավոր փոխլրացնող մեխանիզմներ։ Առաջինը պետք է վերահսկի «Հեզբոլլահի» զինաթափումը և խոչընդոտի նրա ռազմական ենթակառուցվածքների վերականգնմանը։ Երկրորդը կարող է պատասխանատու լինել Իսրայելի հետ սահմանին գտնվող լիբանանյան գյուղեր մարդասիրական մատակարարումների, այդ թվում՝ պարենի և առաջին անհրաժեշտության իրերի առաքման կազմակերպման կամ ուղեկցման համար։
ԱՄՆ-ն խորհրդակցություններ է անցկացնում նաև Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետ, սակայն վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան։
Առանցքային հարցերից մեկն այն է, թե նոր մեխանիզմն ինչպես է փոխգործակցելու Լիբանանի զինված ուժերի հետ, որոնք պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն երկրի հարավում անվտանգության ապահովման համար։ Քննարկվում է նաև, թե ով է վերահսկելու պայմանավորվածությունների կատարումը՝ քաղաքացիական դիտորդնե՞րը, թե՞ միջազգային ուժերը։
Առանձին դժվարություններ կապված են մարդասիրական բաղադրիչի հետ, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրեր մուտքի ապահովման, անվտանգության երաշխիքների և կենսական նշանակություն ունեցող ծառայությունների վերականգնման հետ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին փոխարինելու համար պարտադիր չէ տարածաշրջան նոր ռազմական առաքելություն ուղարկել։ Նրա կարծիքով, այլընտրանքային մեխանիզմը կարող է նախատեսել քաղաքացիական անձնակազմի մասնակցություն, որը կստուգի գործող համաձայնագրերի պահպանումը։
Հասանելի է
Կազմակերպություն
«Հեզբոլլահ»ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր Լիբանանում
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
