Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական ութ ընկերությունների նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համար

Իսրայելական բնակավայրեր22:08 | նոյեմբերի 17, 2026Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական ութ ընկերությունների նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իսրայելական ութ ընկերությունների նկատմամբ, որոնք առնչվում են Հորդանան գետի Արևմտյան ափին այնպիսի բնակավայրերի կառուցմանը, որոնք Լոնդոնն անօրինական է համարում, հայտնում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը միաժամանակ հայտարարել է սահմանափակող միջոցների մասին իսրայելական աջակողմյան մի կազմակերպության նկատմամբ, որը մասնակցել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումներն արգելափակելու փորձերին։
Պատժամիջոցների մասին հայտարարվել է բռնազավթված Արևմտյան ափին E1 խոշոր բնակավայրի կառուցման մրցույթների արդյունքներն իսրայելական իշխանությունների կողմից ամփոփելուց կարճ ժամանակ առաջ։ Ըստ Միլիբենդի՝ միջոցներն ուղղված են ութ շինարարական ընկերությունների ֆինանսական հոսքերը կասեցնելուն։ Միաժամանակ դեռ պարզ չէ՝ այդ ձեռնարկությունները որքանով են կախված բրիտանական ֆինանսավորումից։
Սահմանափակումների տակ են հայտնվել շինարարության, անշարժ գույքի և ճարտարապետության ոլորտներում գործող իսրայելական ընկերություններ։ Բրիտանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ նրանք մասնակցել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերում բնակարանների և հանրային ենթակառուցվածքների նախագծմանը, կառուցմանը, մատակարարմանը կամ վաճառքին։
«Երկու պետության ստեղծման վրա հիմնված լուծման պաշտպանությունը մեր կառավարության մոտեցման ուղենիշն է»,- հայտարարել է Միլիբենդը։ Դիմելով E1 նախագծի մասնակիցներին՝ նախարարը նրանց կոչ է արել չմասնակցել մրցույթներին, շինարարություն չիրականացնել և շահույթ չստանալ այնպիսի գործողություններից, որոնք խաթարում են երկու պետության սկզբունքի վրա հիմնված կարգավորման հեռանկարները։
«Մենք ձեռքներս ծալած չենք նստի և չենք նայի, թե ինչպես են կենսականորեն անհրաժեշտ օգնությունն արգելափակողները խորացնում Գազայի խաղաղ բնակիչների անտանելի տառապանքները։ Արևմտյան ափին և Գազայի հատվածում առկա իրավիճակն անընդունելի է»,- հավելել է նախարարը։
Մեծ Բրիտանիան ավելի վաղ արդեն ընդլայնել էր մարդու իրավունքների ոլորտում իր պատժամիջոցների շրջանակը, ինչպես նաև հայտարարել այնպիսի միջոցների նախապատրաստման մասին, որոնք պետք է արգելեն անօրինական բնակավայրերից ապրանքների առևտուրը։ Վերոնշյալ սահմանափակումները դեռ ուժի մեջ չեն մտել։ Միաժամանակ Բրիտանիայի ԱԳՆ-ն ընդգծում է, որ Լոնդոնն աջակցում է Իսրայելի հետ առևտրին՝ «կանաչ գծին» համապատասխանող սահմաններում, և հստակ տարբերակում է այդ առևտուրն ու բնակավայրերի տարածքներում իրականացվող գործունեությունը։
Գերատեսչությունում հայտարարել են, որ Իսրայելի ներկայիս կառավարությունը ոչ միայն հրաժարվել է կասեցնել անօրինական բնակավայրերի կառուցումը, այլև նպաստել է դրան։ Բրիտանական կողմի տվյալներով՝ Իսրայելի ներկայիս կառավարության գործունեության չորս տարիների ընթացքում ավելի շատ բնակավայրերի կառուցում է հաստատվել, քան նախորդ 20 տարիներին։
Միաժամանակ Միլիբենդը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Իսրայելի նոր կառավարության և Պաղեստինյան վարչակազմի հետ՝ իսրայելցիների ու պաղեստինցիների համար երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հասնելու նպատակով։ Իսրայելի ապագա վարչապետի հավանական թեկնածու Գադի Այզենկոտն ավելի վաղ հայտարարել էր, որ նշանակվելու դեպքում վերաբնակիչների բռնության նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն է վարելու, քան գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Բրիտանական իշխանությունները նաև ուշադրություն են հրավիրել Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի վրա, որտեղ հազարավոր ընտանիքներ ավերիչ ջրհեղեղներից հետո զրկվել են ապաստանից։ Բրիտանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ շուրջ 1,4 միլիոն մարդ է ապրում վրաններում և ժամանակավոր ապաստարաններում, իսկ վերջին փոթորիկներից հետո գրեթե 4000 տնային տնտեսություն անօթևան է մնացել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածից դուրս են գտնվում մարդասիրական կազմակերպությունների և դոնորների գնած ավելի քան 150 հազար վրան և 300 հազար բրեզենտե ծածկոց։ Դրանք չեն կարող տարածք մուտք գործել իսրայելական իշխանությունների սահմանափակումների պատճառով։ Իսրայելը նաև շարունակում է արգելափակել փայտանյութի ներմուծումը, ինչի հետևանքով Գազայում բացակայում են ապաստարաններ շտապ ստեղծելու համար նախատեսված պատրաստի հավաքածուները։
Իսրայելը պնդում է, որ որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումներն անհրաժեշտ են՝ թույլ չտալու համար, որ ՀԱՄԱՍ խմբավորման ձեռքն ընկնեն այնպիսի իրեր, որոնք կարող են օգտագործվել երկրի վրա հարձակումների համար։ Երկակի նշանակության ապրանքների և սահմանային անցակետերի աշխատանքի սահմանափակումների շուրջ վեճերը շարունակվում են արդեն ավելի քան երկու տարի։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Իսրայելական բնակավայրերՔաղաքականությունՊատժամիջոցներ
Տեղադրություն
Միացյալ ԹագավորությունԱրևմտյան ափ
Աղբյուրը՝ NEWS.am
