Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի երեկ հրապարակած տեսանյութն ու ձայնագրությունը ոչ միայն բացահայտում են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի մանրամասները, այլև լուրջ հարցեր են առաջացնում բուհական ընդունելության նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Էդիկ Մինասյանը, որը 2023 թվականի սեպտեմբերի 3-ից զբաղեցրել է ամբիոնի վարիչի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունը, խոստացել է ապահովել դիմորդի՝ ԵՊՀ ընդունվելը։ Սկզբում պահանջված գումարը կազմել է 5000 ԱՄՆ դոլար, ապա բանակցությունների արդյունքում այն նվազել է մինչև 4000 դոլար։ Այսինքն՝ խոսքը պարզապես մեկ պաշտոնյայի հնարավոր կոռուպցիոն վարքագծի մասին չէ։
Գործը միանգամից հարց է առաջացնում՝ ինչպե՞ս է պետական վերահսկողության ներքո գտնվող ընդունելության համակարգում հնարավոր դարձել նման գործարքի առաջարկն ու քննարկումը, և ինչպես է դեկանն ունեցել այլ՝ ԲՈՒՀ-ից դուրս կառույցների վրա ազդեցություն։ «Ժողովուրդ» օրաթերթը ևս մեկ անգամ ուսումնասիրեց և պարզեց, որ բուհական ընդունելության գործընթացում առանցքային դերակատարում ունեն ԿԳՄՍ նախարարությունն ու Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Եվ երկու հաստատություններից էլ հասարակությանը տարիներ շարունակ ներկայացվել է այն մոտեցումը, որ քննությունների կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները պետք է հնարավորինս բացառեն կոռուպցիոն ռիսկերը։ ԿԳՄՍ նախարարությունից և ԳԹԿ-ից հասարակությունը պետք է ստանա հստակ պատասխաններ՝ ինչ վերահսկողություն է իրականացվել ընդունելության գործընթացի նկատմամբ, ինչպես կարող էր ԵՊՀ պաշտոնատար անձը դիմորդների ընդունելության վրա ազդեցություն ունենալ։
Հակակոռուպցիոն կոմիտեն շրջանցել է դարձյալ ԿԳՄՍՆ-ին՝ նախարար Ժաննա Անդրեասյանով, և ԳԹԿ-ին՝ տնօրեն Արմեն Փաշայանով։ Հիմա արդեն նրանք պետք է պատասխանեն շատ ավելի պարզ հարցի՝ եթե համակարգն իսկապես վերահսկվում էր, ապա ինչպե՞ս դրա ներսում հայտնվեց 4000 դոլարանոց «ընդունելության» գործարքը»։
Աղբյուր՝ 24News.am
