Իտալիան արգելափակել է նոր կործանիչի նախագծին միանալու Գերմանիայի փորձը․ FT

Իտալիան արգելափակել է նոր կործանիչի նախագծին միանալու Գերմանիայի փորձը․ FT

Ավիացիա17:26 | նոյեմբերի 14, 2026Իտալիան արգելափակել է նոր կործանիչի նախագծին միանալու Գերմանիայի փորձը․ FT
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իտալիան արգելափակել է նոր կործանիչի նախագծին միանալու Գերմանիայի փորձը․ FT<!—>

]—>

Իտալիան դեմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի համատեղ նախաձեռնությանը՝ նոր սերնդի կործանիչի մշակման GCAP միջազգային ծրագրին Գերմանիայի լիիրավ մասնակցությանը։ Ինչպես գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ երեք աղբյուրի, Հռոմը փոխարենն առաջարկել է Բեռլինին տրամադրել դիտորդի կարգավիճակ, որը չի ենթադրում ներգրավվածություն ինքնաթիռի նախագծման ու ստեղծման աշխատանքներում։

Պարբերականի տեղեկություններով՝ այս շաբաթ բրիտանացի և ճապոնացի գործընկերների հետ տեսակապով կայացած հանդիպմանը Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն դեմ է արտահայտվել Գերմանիային հավասար իրավունքներ վերապահելու գաղափարին։ Իտալական կողմն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ դիտորդի կարգավիճակը թույլ կտա ավելի արագ կյանքի կոչել ծրագիրը։

«Իտալիան վերահաստատել է, որ պատրաստ է ընդունել Գերմանիային, սակայն գործընթացն արագացնելու համար առաջարկվել է նրան դիտորդի կարգավիճակ տալ»,- նշել է Իտալիայի կառավարության ներկայացուցիչը։

Նման հեռանկարը, ամենայն հավանականությամբ, Բեռլինի սրտով չի լինի։ Գերմանիան ակնկալում է դառնալ նախագծի լիարժեք գործընկեր, ֆինանսական ներդրում ունենալ և աշխատանքների զգալի մասնաբաժին ապահովել սեփական պաշտպանական արդյունաբերության համար։ Գերմանացի պաշտոնյաներից մեկն արդեն իսկ անընդունելի է որակել իտալական կողմի առաջարկը։

Իտալիան և Ճապոնիան մտավախություն ունեն, որ մասնակիցների շրջանակի ընդլայնումն է՛լ ավելի կբարդացնի առանց այդ էլ մասշտաբային տեխնոլոգիական նախագծի կառավարումը և ձգձգումների պատճառ կդառնա։ Բացի այդ, գերմանական արդյունաբերական հսկաների, այդ թվում՝ Airbus-ի մուտքը կարող է նվազեցնել այդ երկու երկրների ձեռնարկություններին բաժին հասնող պատվերների ծավալը։

Մեծ Բրիտանիան ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել քննարկելու Գերմանիայի միանալու հարցը։ Այդուհանդերձ, բրիտանական կողմի ներկայացուցիչն ընդգծել է, որ Լոնդոնը նպատակ չունի ամեն գնով Բեռլինին ներգրավել ծրագրում և կիսում է նախագծի ժամկետների հետ կապված գործընկերների մտահոգությունները։ Նրա խոսքով՝ արդեն իսկ մեկնարկած նախագծին Գերմանիայի միանալը չպետք է դանդաղեցնի աշխատանքների ընթացքը։ Երեք երկրները պայմանավորվել են հարցի քննարկումը շարունակել ներկայիս ձևաչափով։

Բեռլինը GCAP-ը դիտարկում է որպես այլընտրանք ֆրանս-գերմանական Future Combat Air System (FCAS) ծրագրին, որը հունիսին փաստացի փակվեց Airbus-ի և ֆրանսիական Dassault Aviation-ի միջև տարիներ շարունակ ձգվող տարաձայնությունների պատճառով։ Գերմանիան ուսումնասիրում է նաև Իսպանիայի և շվեդական Saab ընկերության հետ համագործակցելու տարբերակը, թեև Շվեդիայում տիրող քաղաքական անորոշությունը կարող է արգելակել բանակցությունները։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ վերջնական որոշումը կախված կլինի նրանից, թե որքանով է GCAP-ին մասնակցությունը ձեռնտու երկրի համար։ Բեռլինը պատրաստվում է կշռադատել աշխատանքների ծավալի, իրականացման ժամկետների և պահանջվող ծախսերի հարաբերակցությունը։ Պիստորիուսն ակնկալում է այս հարցում Գերմանիայի հետագա անելիքները հստակեցնել մինչև 2027 թվականի մարտի վերջը։

GCAP ծրագրով նախատեսվում է ստեղծել նոր սերնդի կործանիչ, որը պետք է շահագործման հանձնվի մոտավորապես 2035 թվականին։ Նախագծի նպատակն է հզորացնել մասնակից երկրների ռազմական ներուժը և թուլացնել կախվածությունն ամերիկյան մարտական օդանավերից։

Հիշեցնենք, որ FCAS ծրագիրը Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ մեկնարկել էր 2017 թվականին, իսկ ավելի ուշ դրան էր միացել նաև Իսպանիան։ Շուրջ 100 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծը ենթադրում էր նոր կործանիչի, դրան փոխկապակցված անօդաչու սարքերի և մարտական տվյալների փոխանակման թվային համակարգի ստեղծում։ Սակայն Airbus-ի և Dassault Aviation-ի միջև լիազորությունների, տեխնոլոգիաների ու պատվերների բաշխման շուրջ ծագած վեճերի հետևանքով ծրագիրը մտավ փակուղի։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԱվիացիաՊաշտպանություն

Տեղադրություն

ԳերմանիաԻտալիա

Աղբյուրը՝ NEWS.am