Իրանի ռազմավարական հաշվարկը և նեղուցի նոր աշխարհաքաղաքական նշանակությունը․ Արամ Շահնազարյան

Իրանի ռազմավարական հաշվարկը և նեղուցի նոր աշխարհաքաղաքական նշանակությունը․ Արամ Շահնազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Քաղաքաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը։

Միջին հզորության պետություններն ու տարածաշրջանային տերությունները հազվադեպ են կարողանում մրցել գերտերությունների հետ ռազմական, տնտեսական կամ տեխնոլոգիական ներուժով։ Այդ պատճառով նրանք ձգտում են իրենց համեմատական առավելությունները՝ աշխարհագրական դիրքը, քաղաքական ազդեցությունը, տնտեսական հնարավորությունները կամ այլ ռազմավարական ռեսուրսները, վերածել աշխարհաքաղաքական ազդեցության։ Աշխարհաքաղաքական փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական տարածքի նկատմամբ ազդեցությունը միշտ չէ, որ պայմանավորված է դրա նկատմամբ իրավական կամ ռազմական գերակայությամբ։ Շատ դեպքերում ավելի կարևոր է զբաղեցնել այնպիսի դիրք, առանց որի տվյալ ռազմավարական տարածքի կայուն և կանխատեսելի գործունեությունը դժվար է պատկերացնել։

Հորմուզի նեղուցը վերջին տասնամյակների ընթացքում դարձել է այս տրամաբանության ամենավառ օրինակներից մեկը։ Այն շարունակում է մնալ համաշխարհային էներգետիկ համակարգի կարևորագույն ռազմավարական ծովային հանգույցներից մեկը։ Տարբեր գնահատականներով՝ ծովային հաղորդակցության ուղիներով փոխադրվող նավթի շուրջ մեկ հինգերորդն անցնում է հենց այս նեղուցով։ Սակայն դրա նշանակությունը վաղուց դուրս է եկել տնտեսության սահմաններից։ Հորմուզը միաժամանակ ռազմավարական զսպման, տարածաշրջանային ուժային հավասարակշռության և միջազգային քաղաքական ազդեցության առանցքային գործոն է, որտեղ հատվում են տարածաշրջանային և միջազգային ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը։

Հորմուզի շուրջ վերջին զարգացումները, սակայն, առաջ են բերում ավելի հիմնարար մի հարց։ Միջազգային քննարկումների մեծ մասը կենտրոնանում է այն հարցի վրա, թե հնարավո՞ր կլինի արդյոք վերականգնել Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմից առաջ գոյություն ունեցող նավագնացության ռեժիմը, թե՞ ոչ։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ պատերազմիցառաջ աշխատող ստատուս քվոյի վերականգնումը բխում է բոլոր հիմնական դերակատարների, այդ թվում՝ Իրանի շահերից։ Բայց արդյո՞ք դա իսկապես այդպես է։ Հենց այս ենթադրությունն է պահանջում վերագնահատում։

Վերջին պատերազմը փոխեց ոչ միայն տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, այլև Թեհրանի ռազմավարական հաշվարկը։ Եթե նախկինում Հորմուզը հիմնականում դիտարկվում էր որպես ճգնաժամային իրավիճակներում կիրառվող ճնշման հարթակ, ապա պատերազմից հետո այն սկսեց ընկալվել որպես երկարաժամկետ ռազմավարական ազդեցության հարթակ։ Այս պայմաններում Իրանի ռազմավարական նպատակը ոչ թե նեղուցի փակումը, այլ դրա անվտանգային համակարգում այնպիսի դերակատար դառնալն է, որի որոշիչ դերը և շահերն անտեսելով միջազգային նավագնացության անվտանգությունն այլևս դժվար կլինի ապահովել։

Այս փոփոխությունը փոխում է պատերազմի արդյունքների գնահատման տրամաբանությունը։ Հարցն այլևս միայն այն չէ, թե Իրանը կարո՞ղ է արդյոք խաթարել նավագնացությունը, թե՞ ոչ։ Ավելի կարևոր է հասկանալ, թե Թեհրանը ձգտո՞ւմ է արդյոք ձևավորել այնպիսի անվտանգային միջավայր, որտեղ Հորմուզում կայուն նավագնացությունն այլևս դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցության և շահերի հաշվառման։

Այս մոտեցումը հանգեցնում է երեք փոխկապակցված հարցի՝ ինչ տեղ է զբաղեցնում Հորմուզը Իրանի ռազմավարական մտածողության մեջ, ինչ փոխեց վերջին պատերազմը, և ինչ հետևանքներ ունի այդ փոփոխությունը տարածաշրջանային անվտանգության ու միջազգային նավագնացության համար։

Այս տրամաբանությունը փոխում է Հորմուզի շուրջ ընթացող զարգացումների գնահատման ելակետը։ Դրանք այլևս չեն սահմանափակվում հերթական տարածաշրջանային ճգնաժամի շրջանակով, այլ արտացոլում են աշխարհագրական առավելությունը երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցության վերածելու ռազմավարությունը։ Այդ պատճառով հետպատերազմյան շրջանի գլխավոր հարցն այլևս այն չէ, թե հնարավո՞ր կլինի արդյոք վերականգնել պատերազմից առաջ գոյություն ունեցած նավագնացության ռեժիմը, այլ այն, թե ինչ քաղաքական պայմաններով, ինչ ուժային հավասարակշռության շրջանակում և ում մասնակցությամբ կձևավորվի Հորմուզի անվտանգային նոր իրականությունը։

Հորմուզի ռազմավարական նշանակությունը Իրանի համար

Հորմուզի ռազմավարական նշանակությունը սովորաբար գնահատվում է համաշխարհային էներգետիկ շուկաների տեսանկյունից։ Քննարկումների կենտրոնում են նեղուցով փոխադրվող նավթի և հեղուկացված բնական գազի ծավալները, մատակարարումների խափանման ռիսկերը և դրանց ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։ Թեև այս գնահատականները հիմնավոր են, բայց դրանք չեն բանաձևում այն ամբողջ ռազմավարական տրամաբանությունը, որի պատճառով Հորմուզն առանցքային տեղ է զբաղեցնում Իրանի ռազմավարական մտածողության մեջ։

Թեհրանի համար Հորմուզի ռազմավարական նշանակությունը նախևառաջ պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով։ Իրանը վերահսկում է նեղուցի հյուսիսային ափը՝ զբաղեցնելով այնպիսի աշխարհագրական դիրք, որը հնարավոր չէ փոխարինել ո՛չ ռազմական հզորությամբ, ո՛չ տնտեսական ռեսուրսներով, ո՛չ էլ տեխնոլոգիական առավելությամբ։ Այս իմաստով աշխարհագրությունը Իրանի համար պարզապես նպաստավոր դիրքի խնդիր չէ, այլ այն ռազմավարական առավելությունը, որի վրա կառուցվում են նրա ազգային անվտանգությունն ու աշխարհաքաղաքական ազդեցությունը։

Հենց այդ աշխարհագրական առավելությունն էլ ձևավորել է Իրանի ծովային ռազմավարության հիմնական տրամաբանությունը։ Գիտակցելով, որ դասական ռազմածովային կարողություններով չի կարող մրցել Միացյալ Նահանգների և նրա գործընկերների հետ՝ Թեհրանը երկար տարիներ զարգացրել է անհամաչափ ծովային ռազմավարություն։ Այդ ռազմավարության նպատակն է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ որևէ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային դերակատար իր քաղաքական, ռազմական և տնտեսական հաշվարկներում ստիպված կլիներ հաշվի առնել Իրանի հնարավոր արձագանքը։

Այս իմաստով Հորմուզը Թեհրանի ռազմավարական հաշվարկներում կատարում է երեք փոխկապակցված գործառույթ։

Առաջինը՝ այն զսպման գործիք է։ Նեղուցի աշխարհագրական առանձնահատկությունները նույնիսկ անհամաչափ ռազմական հնարավորությունների պայմաններում թույլ են տալիս զգալիորեն բարձրացնել որևէ արտաքին միջամտության ռիսկն ու գինը։ Նպատակը հակառակորդին ռազմական պարտության մատնելը չէ, այլ նրա ռազմավարական որոշումների արժեքն ու ռիսկերը մեծացնելը։

Երկրորդը՝ Հորմուզը քաղաքական և տնտեսական ազդեցության աղբյուր է։ Հորմուզի շուրջ զարգացումները ցույց են տվել, որ նույնիսկ սահմանափակ անվտանգային միջադեպերը կարող են անդրադառնալ ոչ միայն նավագնացության, այլև ապահովագրական շուկաների, էներգակիրների գների և միջազգային քաղաքական օրակարգի վրա։ Այդ պատճառով նեղուցի նշանակությունը վաղուց դուրս է եկել զուտ ռազմական ոլորտի սահմաններից։

Երրորդը՝ Թեհրանը Հորմուզը դիտարկում է որպես Պարսից ծոցի անվտանգային համակարգի առանցքային բաղադրիչ։ Այդ պատճառով նա հետևողականորեն պնդում է, որ տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունը չի կարող կառուցվել առանց տարածաշրջանային հիմնական դերակատարների, առաջին հերթին՝ իր մասնակցության։ Այս մոտեցումը վերջին տասնամյակների ընթացքում դարձել է Իրանի արտաքին և անվտանգային քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը։

Այս երեք գործառույթները միասին ձևավորում են այն ռազմավարական տրամաբանությունը, որի շրջանակում Հորմուզը դիտարկվում է ոչ միայն որպես աշխարհագրական առավելություն, այլև որպես աշխարհաքաղաքական ազդեցության կառուցվածքային հիմք։ Իրանի համար դրա արժեքը պայմանավորված է ոչ այնքան նեղուցի նկատմամբ անմիջական վերահսկողությամբ, որքան այն հանգամանքով, որ նրա աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս ազդել մյուս դերակատարների ռազմավարական հաշվարկների վրա։

Իրականում, աշխարհագրական այս առավելությունը վաղուց գոյություն ուներ։ Հետևաբար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու հենց վերջին պատերազմից հետո այն ձեռք բերեց նոր քաղաքական նշանակություն։ Դրա պատասխանը պետք է փնտրել ոչ այնքան պատերազմի ռազմական արդյունքներում, որքան այն ռազմավարական եզրակացություններում, որոնց հանգեց Թեհրանը։

Պատերազմի ազդեցությունը Իրանի ռազմավարական հաշվարկների վրա

Պատերազմների ռազմավարական նշանակությունը միշտ չէ, որ որոշվում է ռազմական հաջողություններով կամ տարածքային փոփոխություններով։ Հաճախ դրանց ամենակարևոր արդյունքը ոչ թե ուժերի հարաբերակցության անմիջական փոփոխությունն է, այլ այն ռազմավարական եզրակացությունները, որոնց հակամարտության մասնակիցները հանգում են պատերազմի ավարտից հետո։ Ռազմավարական մտածողության մեջ պատերազմը ոչ միայն ուժի կիրառման, այլև ռազմավարական վերագնահատման գործընթաց է։

Այս տեսանկյունից վերջին պատերազմը դարձավ այն փորձաքարը, որի վրա Թեհրանը գործնականում ստուգեց Հորմուզի վերաբերյալ իր երկար տարիների ռազմավարական հաշվարկները։

Պատերազմը ցույց տվեց, որ համաշխարհային ծովային առևտրի համակարգը չափազանց զգայուն է նույնիսկ սահմանափակ անվտանգային խափանումների նկատմամբ։ Խնդիրը միայն նավերի անվտանգությունը չէր։ Ոչ պակաս կարևոր էին անուղղակի հետևանքները՝ ապահովագրական վճարների աճը, փոխադրումների վերաուղղումը, շուկաների սպասումների փոփոխությունը և բիզնես ռիսկերի վերագնահատումը։ Այս ամենը փաստեց, որ համաշխարհային առևտրի խոցելիությունը պայմանավորված է ոչ միայն իրական ռազմական գործողություններով, այլև անորոշության ազդեցությամբ։

Եթե նույնիսկ սահմանափակ անվտանգային խափանումները Հորմուզում բավարար են միջազգային շուկաների վարքագիծը փոխելու համար, ապա ռազմավարական ազդեցությունը կարող է ապահովվել ոչ թե նեղուցի ամբողջական փակմամբ, այլ նեղուցի շուրջ մշտական անվտանգային անորոշության պահպանմամբ։ Այդպիսի պայմաններում նավագնացության բնականոն գործունեությունն այլևս չի ընկալվում որպես լիովին կայուն և կանխատեսելի։Այս պայմաններում փոխվում է նաև ազդեցության գործադրման տրամաբանությունը։

Նեղուցի ամբողջական փակումը ծայրահեղ միջոց է, որը գրեթե անխուսափելիորեն կհանգեցնի լայն միջազգային հակազդեցության և կնվազեցնի Թեհրանի ռազմավարական ճկունությունը։ Հետևաբար ազդեցության հիմնական գործիքը դառնում է ոչ թե հաղորդակցությունների ընդհատումը, այլ Հորմուզի շուրջ այնպիսի վերահսկվող անվտանգային անորոշության պահպանումը, որը մյուս դերակատարներին ստիպում է իրենց քաղաքական, ռազմական և տնտեսական հաշվարկներում մշտապես հաշվի առնել Իրանի հնարավոր արձագանքը։

Այսպիսով, պատերազմի գլխավոր ռազմավարական արդյունքը ոչ թե ուժերի նոր հարաբերակցության ձևավորումն էր, այլ աշխարհագրական առավելության աշխարհաքաղաքական արժեքի վերագնահատումը։ Փոխվեց ոչ թե Իրանի աշխարհագրական առավելությունը, այլ այն ռազմավարական պատկերացումը, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ օգտագործել այդ առավելությունը։

Որոշիչն այլևս այն չէ, թե կվերականգնվի՞ ադյոք նավագնացության նախկին համակարգը, այլ այն, թե ինչ ռազմավարական պայմաններով կձևավորվի նոր համակարգը։

Այս տրամաբանությունից բխում է, որ նույնիսկ նավագնացության շարունակման և նեղուցի իրավական կարգավիճակի անփոփոխ պահպանման պայմաններում Հորմուզի ռազմավարական իրականությունը կարող է որակապես փոխվել, եթե միջազգային դերակատարներն իրենց քաղաքական, ռազմական և տնտեսական հաշվարկներում մշտապես հաշվի առնեն Իրանի հնարավոր արձագանքը։

Այսպիսով, պատերազմի ամենակարևոր հետևանքը դառնում է ոչ միայն ռազմական հավասարակշռության վերափոխումը, այլև Հորմուզի աշխարհաքաղաքական դերի վերաիմաստավորումը։ Նեղուցն այլևս չի դիտարկվում բացառապես որպես ճգնաժամի հնարավոր օջախ, այլ՝ որպես երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցության հարթակ։ Հենց այս նոր ռազմավարական տրամաբանությունն է հիմք ստեղծում հասկանալու, թե ինչպիսի ռազմավարություն կարող է ձևավորվել նման հաշվարկի պայմաններում։

Հորմուզի նկատմամբ Իրանի ռազմավարության վերափոխումը

Պատերազմից հետո Հորմուզի շուրջ Իրանի ազդեցության հնարավորությունների վերագնահատումը բնականորեն առաջ է բերում մեկ հիմնարար հարց. որն է այդ ազդեցության ռազմավարական նպատակը։ Եթե նույնիսկ սահմանափակ անվտանգային ազդեցությունը բավարար է միջազգային դերակատարների վարքագիծը փոխելու համար, ապա խնդիրը ոչ թե այդ ազդեցության փաստն է, այլ այն ռազմավարական նպատակը, որին այն ծառայում է։ Դրա պատասխանը պահանջում է հստակ տարբերակել Իրանի ծովային ռազմավարության միջոցներն ու նպատակը։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Թեհրանը հետևողականորեն ձևավորել և զարգացրել է անհամաչափ ծովային կարողությունների համալիր՝ արագաշարժ հարձակողական նավակներ, առափնյա հակածովային հրթիռներ, ծովային ականներ, անօդաչու թռչող սարքերի համակարգեր, էլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև առևտրային նավագնացության նկատմամբ ընտրողական ճնշման մարտավարություն։ Այս ամբողջ համակարգը ստեղծվել է մեկ հիմնական նպատակի համար՝ բարձրացնելու որևէ արտաքին միջամտության գինը և սահմանափակելու մյուս տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների գործողությունների ազատությունը։

Այս իմաստով պատերազմը չէր պահանջում ո՛չ Իրանի ռազմական հնարավորությունների, ո՛չ էլ դրանց կիրառման գործիքակազմի վերափոխում։ Վերափոխվեց դրանց ռազմավարական գործառույթը. այն, ինչ նախկինում դիտարկվում էր որպես զսպման միջոց, պատերազմից հետո վերածվեց երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցության գործիքի։

Եթե նախկինում այդ հնարավորությունները հիմնականում ծառայում էին ճգնաժամային իրավիճակներում ճնշում գործադրելու նպատակին, ապա պատերազմից հետո դրանք դարձան երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցության ռազմավարության գործիք։ Այդ ռազմավարության նպատակն այլևս ոչ թե պարբերական ճնշումն է, այլ այնպիսի ռազմավարական կախվածության ձևավորումը, որի պայմաններում Հորմուզի անվտանգությունն ու կայունությունը գործնականում անբաժանելի են դառնում Իրանի դերակատարությունից և որոշումներից։

Հենց այստեղ է դրսևորվում նոր ռազմավարական տրամաբանության հիմնական տարբերությունը։ Այս պայմաններում ազդեցության աղբյուրը ոչ թե նեղուցը փակելու հնարավորությունն է, այլ այն, որ նույնիսկ դրա բնականոն գործունեության պայմաններում միջազգային դերակատարների ռազմավարական հաշվարկներում Իրանի գործոնը վերածվում է մշտական փոփոխականի։ Հետևաբար ռազմավարական նպատակը ոչ թե նավագնացության խափանումն է, այլ այնպիսի դիրքի ձևավորումը, որտեղ Հորմուզի անվտանգության կայուն համակարգը գործնականում անհնար է պատկերացնել առանց Իրանի դերակատարության և նրա ռազմավարական շահերի հաշվառման։

Այս ռազմավարական տրամաբանությունն ունի ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակություն։ Ժամանակակից միջազգային հարաբերություններում ազդեցությունը հաճախ որոշվում է ոչ այնքան ուժի կիրառմամբ, որքան ռազմավարական անփոխարինելիությամբ։ Այն դերակատարը, որի մասնակցությունն ընկալվում է որպես կայունության անհրաժեշտ պայման, ձեռք է բերում կառուցվածքային ազդեցություն, որը հաճախ ավելի երկարատև և դիմացկուն է, քան ուժի ուղղակի կիրառման վրա հիմնված գերակայությունը։

Այսպիսի ռազմավարական միջավայրի ձևավորումը Իրանին հնարավորություն է տալիս ընդլայնել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը՝ առանց նոր իրավական կարգավիճակի, լրացուցիչ ռազմական ներկայության կամ միջազգային պայմանագրերի վերանայման։ Իրավական կարգավորումները կարող են մնալ անփոփոխ, մինչդեռ դրանց շուրջ ձևավորվող ռազմավարական իրականությունն ու դերակատարների վարքագիծը կարող են էականորեն վերափոխվել։

Այս ռազմավարական տրամաբանությունը փոխում է նաև հետպատերազմյան ստատուս քվոյի ընկալումը։ Քանի որ ռազմավարական նպատակը ոչ թե նեղուցի փակումը, այլ անվտանգության նկատմամբ ազդեցության պահպանումն է, նախկին նավագնացության ռեժիմի ամբողջական վերականգնումը չի կարող դիտարկվել որպես Թեհրանի առաջնային շահ։ Ավելի հավանական է այնպիսի հավասարակշռության ձևավորումը, որի պայմաններում Հորմուզը շարունակում է գործել, սակայն նրա անվտանգությունն այլևս չի ընկալվում որպես ինքնաբերաբար ապահովված իրողություն։

Այսպիսով, պատերազմի գլխավոր ռազմավարական արդյունքը ոչ թե նոր ռազմական հավասարակշռության ձևավորումն է, այլ ազդեցության նոր տրամաբանության հաստատումը։ Եթե նախկինում աշխարհագրական առավելությունը հիմնականում օգտագործվում էր որպես ճնշման միջոց, ապա պատերազմից հետո այն վերածվում է երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցության կառուցվածքային հիմքի։

Սակայն ցանկացած ռազմավարության կենսունակությունը որոշվում է ոչ միայն նրա նպատակներով, այլև դրանց իրագործման մեխանիզմներով։ Հետևաբար հաջորդ խնդիրը վերաբերում է այն գործիքներին, որոնց միջոցով նման ռազմավարությունը կարող է վերածվել գործնական քաղաքականության։

Իրանի նոր ռազմավարության ճարտարապետությունը

Եթե Իրանի ռազմավարական նպատակը Հորմուզի նեղուցով միջազգային ծովային հաղորդակցությունների ընդհատումը չէ, այլ նրա անվտանգային համակարգում անփոխարինելի դերակատարի դիրքի ձևավորումը, ապա առանցքային հարցը վերաբերում է այդ ռազմավարության գործնական իրագործմանը։ Խոսքն այն մասին է, թե ինչպիսի քաղաքական, անվտանգային, տնտեսական և տեղեկատվական մեխանիզմների համադրությամբ կարող է ձևավորվել այնպիսի միջավայր, որտեղ Հորմուզի բնականոն գործունեությունը գործնականում անհնար կլինի պատկերացնել առանց Իրանի դերակատարության և նրա ռազմավարական շահերի հաշվառման։

Այս հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ թե առանձին քայլերի, այլ փոխկապակցված ռազմավարական բաղադրիչների ամբողջական համակարգի մեջ։

Առաջին բաղադրիչը անվտանգային միջավայրի վերաձևավորումն է։ Իրանը երկար տարիներ հետևողականորեն պնդում է, որ Պարսից ծոցի կայունությունը պետք է ապահովեն տարածաշրջանի պետությունները, ոչ թե արտատարածաշրջանային ուժերը։ Պատերազմից հետո այս մոտեցումը ձեռք է բերում նոր ռազմավարական բովանդակություն։ Եթե նախկինում այն հիմնականում քաղաքական դիրքորոշում էր, ապա այժմ վերածվում է գործնական պահանջի, ըստ որի՝ Հորմուզի երկարաժամկետ անվտանգությունն անհնար է պատկերացնել առանց Իրանի դերակատարության և նրա ռազմավարական շահերի հաշվառման։

Երկրորդ բաղադրիչը տեղեկատվական և օպերատիվ ներգրավվածությունն է։ Նավերի տեղաշարժի մշտադիտարկումը, անվտանգային հաղորդակցության մեխանիզմները, տարածաշրջանային համակարգման ձևաչափերը և ծովային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը առաջին հայացքից կարող են ունենալ զուտ տեխնիկական նշանակություն։ Իրականում դրանք աստիճանաբար վերածվում են նաև քաղաքական ազդեցության կարևոր լծակների։ Անվտանգային տեղեկատվության հավաքագրմանը, մշակմանն ու շրջանառությանը մասնակցող դերակատարը ժամանակի ընթացքում ներգրավվում է նաև անվտանգային որոշումների կայացման գործընթացում՝ ընդլայնելով իր քաղաքական ազդեցությունը։

Երրորդ բաղադրիչը տնտեսական փոխկախվածությունների ձևավորումն է։ Աշխարհագրական առավելությունն իր ամբողջ ներուժը բացահայտում է այն ժամանակ, երբ վերածվում է գործնական ծառայությունների և ենթակառուցվածքային հնարավորությունների։ Լոգիստիկ, նավահանգստային և անվտանգային ծառայությունների զարգացումը կարող է Հորմուզի աշխարհագրական դիրքը վերածել ոչ միայն քաղաքական ազդեցության, այլև տնտեսական փոխկախվածությունների աղբյուրի՝ ամրապնդելով Իրանի դերակատարությունը միջազգային ծովային հաղորդակցությունների համակարգում։

Չորրորդ բաղադրիչը անվտանգային անորոշության կառավարումն է։ Վերջին ռազմական զարգացումները ցույց տվեցին, որ համաշխարհային շուկաներն արձագանքում են ոչ միայն իրական ռազմական գործողություններին, այլև դրանց հավանականությանը։ Այդ պայմաններում ազդեցության հիմնական աղբյուրը դառնում է ոչ թե ուժի անմիջական կիրառումը, այլ անվտանգային անորոշության վերահսկվող կառավարումը։ Նման իրավիճակում նույնիսկ սահմանափակ միջադեպերը կամ քաղաքական կոշտ ազդակները կարող են փոխել պետությունների, նավատերերի, ապահովագրական ընկերությունների և էներգետիկ շուկաների վարքագիծը՝ առանց լայնածավալ ռազմական էսկալացիայի։

Հինգերորդ բաղադրիչը անվտանգային համակարգի համակարգային վերաձևավորումն է։ Այս ռազմավարության վերջնական նպատակը միայն փաստացի ազդեցության պահպանումը չէ։ Այն միտված է Հորմուզի անվտանգության շուրջ այնպիսի քաղաքական իրականության ձևավորմանը, որի պայմաններում Իրանի մասնակցությունն այլևս չի դիտարկվի որպես քաղաքական պահանջ կամ իրավիճակային անհրաժեշտություն, այլ որպես տարածաշրջանային անվտանգային համակարգի բնական և անհրաժեշտ բաղադրիչ։ Այդ դեպքում Իրանի ազդեցությունը կհենվի ոչ միայն համակարգային դերակատարության ճանաչման վրա։

Այս բաղադրիչներից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, սահմանափակ ազդեցություն կունենար։ Սակայն դրանց համադրությունն է ձևավորում այն ռազմավարական համակարգը, որի պայմաններում աշխարհագրական առավելությունը վերածվում է երկարաժամկետ աշխարհաքաղաքական ազդեցության։ Այստեղ ազդեցության հիմնական աղբյուրը ոչ թե ռազմական գերազանցությունն է, այլ այնպիսի անվտանգային, տեղեկատվական, տնտեսական և քաղաքական փոխկախվածությունների ձևավորումը, որոնց պայմաններում Հորմուզի բնականոն գործունեությունն աստիճանաբար սկսում է կապվել Իրանի դերակատարության հետ։

Այսպիսով, նոր ռազմավարության առանցքում այլևս ոչ միայն նեղուցի նկատմամբ ամբողջական վերահսկողությունն է, այլ Հորմուզի անվտանգության շուրջ այնպիսի քաղաքական իրականության ձևավորումը, որի պայմաններում միջազգային դերակատարներն իրենց քաղաքական, ռազմական և տնտեսական հաշվարկներում մշտապես ստիպված են հաշվի առնել Իրանի դերակատարությունն ու ռազմավարական շահերը։

Աղբյուր՝ 24News.am