Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում ապավինել նոր վարկերին

Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում ապավինել նոր վարկերին

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ի նիստում, հաստատեց արտաքին պարտքի հաշվին ևս 320 միլիոն դոլարի նոր վարկային միջոցներ ներգրավելու մասին որոշումը։ Թեմայի շուրջ 24News-ը զրուցել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանի հետ։

– Պարոն Դումիկյան, կառավարության նոր որոշումը՝ արտաքին պարտքն ավելացնելու ուղղությամբ, կրկին բազմաթիվ քննադատությունների առիթ է դարձել։ Ըստ Ձեզ՝ կա՞ արդյոք մտահոգվելու օբյեկտիվ պատճառ։

– Գիտեք, պետական պարտքն ինքնին բացառիկ երևույթ չէ. այն օգտագործում են աշխարհի գրեթե բոլոր պետությունները։ Սակայն սկզբունքային հարցն այն է, թե ինչ նպատակով է վերցվում այդ պարտքը, և արդյոք այն ստեղծում է այնպիսի տնտեսական արժեք, որը հետագայում հնարավորություն կտա այդ պարտքը վերադարձնելու՝ առանց նոր պարտքեր կուտակելու։

Այսօր Հայաստանի ներքին և արտաքին պետական պարտքը միասին գերազանցում է 14.1 մլրդ դոլարը, իսկ շուրջ 500 մլն դոլարի պարտք ունի նաև Կենտրոնական բանկը։ Սա նշանակում է, որ երկրի տնտեսական մոդելը դեռևս չի կարողանում ապահովել այնպիսի եկամուտներ և տնտեսական աճ, որոնք թույլ կտային պետական ծախսերի ու զարգացման ծրագրերի զգալի մասը ֆինանսավորել սեփական տնտեսության ստեղծած արժեքի հաշվին։

Ի դեպ, նշված 320 մլն դոլարից շուրջ 150 մլն-ը նախատեսվում է ուղղել նախկինում վերցված պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությանը։ Սա նշանակում է, որ պետական պարտքի սպասարկման բեռը գնալով մեծանում է, ինչը, բնականաբար, մտահոգիչ հանգամանք է։

– Բայց պաշտոնյաներն անընդհատ խոսում են տնտեսական զարգացման տպավորիչ թվերի մասին…

– Ընդհանրապես վիճակագրական աճը միշտ չէ, որ արտացոլում է տնտեսության իրական ամրապնդումը։ Եթե աճը պայմանավորված է արտաքին գործոններով, իսկ մենք գիտենք, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճի հիմնական պատճառներից են եղել Ռուսաստանի դեմ կիրառված միջազգային պատժամիջոցների հետևանքով ձևավորված ֆինանսական և առևտրային հոսքերը, ապա այդ գործոնների թուլացման դեպքում տնտեսությունը կրկին կանգնում է իր նախկին կառուցվածքային խնդիրների առաջ։ Իսկ դա անխուսափելի երևույթ է։ Ինչպես, օրինակ, հենց այսօր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է. 2026 թվականին այն, 2025 թվականի համեմատ, կրճատվել է շուրջ երկու երրորդով։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունների առկա վիճակը հաշվի առնելով՝ այս միտումը շարունակվելու է, ինչը, բնականաբար, լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծելու Հայաստանի տնտեսության համար։

Պետք է փաստենք, որ այս ընթացքում, ցավոք, մեր կառավարությանը չի հաջողվել այդ ժամանակավոր ֆինանսական հոսքերը վերածել երկարաժամկետ ներդրումների՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, վերամշակող արտադրության և արտահանման ներուժ ունեցող այլ ոլորտներում։ Ավելին, մի շարք պետական որոշումներ լրացուցիչ դժվարություններ են ստեղծել հենց այն ճյուղերի համար, որոնք իրական արժեք են ստեղծում, արտադրում են արտահանվող ապրանք և ապահովում երկարաժամկետ տնտեսական կայունություն։

– Իսկ ո՞րն է լուծումը։ Ի՞նչ անել։ Այս պահին կարծես բոլորը քննադատում են, բայց շատ քչերն են համարձակվում մասնագիտական լուծումներ առաջարկել։

– Տեսեք, արտաքին պարտքի շարունակական աճն ավելի շուտ հետևանք է, քան պատճառ։ Այն արտացոլում է տնտեսության կառուցվածքային թուլությունը։ Եթե տնտեսությունը չի ստեղծում բավարար ավելացված արժեք, ապա պետությունը ստիպված է զարգացման, սոցիալական ծրագրերի կամ նույնիսկ ընթացիկ ծախսերի մի մասը ֆինանսավորել արտաքին միջոցներով։ Իսկ դա հավերժ չի կարող տևել։

Ուստի խնդիրը միայն հերթական 320 միլիոն դոլար վարկը չէ։ Խնդիրը տնտեսական այն մոդելն է, որի պայմաններում յուրաքանչյուր նոր ֆինանսական հնարավորություն սպառվում է ընթացիկ շահույթների և վիճակագրական աճի վրա, այլ ոչ թե վերածվում երկարաժամկետ արտադրական ներուժի։

Հայաստանի առաջ կանգնած իրական ընտրությունը պարտք վերցնելու կամ չվերցնելու հարցը չէ։ Իրական ընտրությունն այն է, թե արդյո՞ք երկիրը կձևավորի արտադրող տնտեսություն, որը ժամանակի ընթացքում կնվազեցնի արտաքին պարտքից կախվածությունը։ Եթե չփոխվի տնտեսական քաղաքականության տրամաբանությունը, ապա յուրաքանչյուր նոր վարկ ընդամենը կերկարաձգի առկա խնդիրների լուծումը՝ դրանք ավելի խորացնելով և փոխանցելով ապագային։

Աղբյուր՝ 24News.am