ՀՀ Սահմանադրությունից տարածքային պահանջների բացառումը կվերացնի խաղաղության պայմանագրի խոչընդոտները․ Հաջիև

ՀՀ Սահմանադրությունից տարածքային պահանջների բացառումը կվերացնի խաղաղության պայմանագրի խոչընդոտները․ Հաջիև

Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող հոդվածը։ Այս մասին թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր սահմանադրության ընդունման գործընթացը։

«Երբ այդ տարածքային պահանջները հանվեն Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ խոչընդոտ չի տեսնի։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է տիրում»,- ասել է Հաջիևը։

Նախագահի օգնականն անդրադարձել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերություններին․

«Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան։ Մենք վճռականորեն արձագանքում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին, և դա շարունակվելու է նաև այսուհետ»։

Աղբյուր՝ Hayastan.news