Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար
Աստղագիտություն05:43 | նոյեմբերի 8, 2026Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
]—>
Գիտնականները ստեղծել են Երկրի համակարգչային մոդել, որի վրա երբեք կյանք չի եղել։ Այն թույլ է տալիս հետևել, թե ինչպես կփոխվեին մթնոլորտն ու մոլորակի մյուս շերտերը երկրաբանական գործընթացների ազդեցությամբ, և կօգնի աստղագետներին տարբերել բնակեցված աշխարհներն այն աշխարհներից, որտեղ իսկապես կարող է կյանք գոյություն ունենալ։
Հետազոտությունը հրապարակվել է The Planetary Science Journal ամսագրում։
Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները մոդելավորել են Երկրի զարգացումը հինգ միլիարդ տարվա ընթացքում՝ մոտ 4,5 միլիարդ տարի առաջ դրա ձևավորումից մինչև 500 միլիոն տարի հետո սպասվող ապագան։ Մոդելը հաշվի է առնում քիմիական նյութերի փոխանակումը միջուկի, մանտիայի, երկրակեղևի, մակերևույթի և մթնոլորտի միջև, սակայն բացառում է կենդանի օրգանիզմների ազդեցությունը։
Ստուգման ընթացքում մոդելավորումը ճիշտ է վերարտադրել մոլորակի 19 բնութագիր, այդ թվում՝ մանտիայի միջով անցնող ջերմային հոսքը։ Հեղինակների խոսքով՝ այժմ այն կարելի է հարմարեցնել Արեգակնային համակարգից դուրս գտնվող այլ քարային մոլորակների ուսումնասիրությանը։
Սա կարևոր է արտերկրային կյանքի որոնման համար։ Ջրի և կյանքի գոյության համար հարմար մթնոլորտի հայտնաբերումը դեռ չի նշանակում, թե մոլորակի վրա որևէ մեկը բնակվում է։ Ավելի հիմնավոր եզրակացություն անելու համար գիտնականները պետք է հասկանան, թե որ քիմիական նյութերը կարող են մթնոլորտում կուտակվել բացառապես երկրաբանական գործընթացների շնորհիվ։
Երկրի վրա կենդանի օրգանիզմներն անընդհատ արտազատում են թթվածին և մեթան։ Այս գազերը միմյանց հետ քիմիական ռեակցիաների մեջ են մտնում, ուստի մթնոլորտում դրանց միաժամանակյա առկայությունը կարող է վկայել պաշարների շարունակական համալրման մասին։ Սակայն նման ազդանշանները հուսալիորեն մեկնաբանելու համար աստղագետները պետք է դիտարկումները համեմատեն այնպիսի մոլորակների մոդելների հետ, որոնց վրա կյանք չկա։
Նոր մշակումը կօգնի ստուգել՝ արդյոք հնարավոր է բացատրել հեռավոր աշխարհի մթնոլորտի բաղադրությունն առանց կենդանի օրգանիզմների մասնակցության։ Եթե դիտարկումները չհաջողվի համապատասխանեցնել մոդելին, այդպիսի մոլորակը կարող է հատկապես հետաքրքիր դառնալ հետագա ուսումնասիրության համար։
Հեղինակները նաև ակնկալում են, որ մոդելը կօգնի մշակել ապագա աստղադիտակներ, որոնք նախատեսված կլինեն էկզոմոլորակների վրա կյանքի նշաններ որոնելու համար։
Հասանելի է
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
