Ես ոչնչի համար չեմ ափսոսում․ կյանք է՝ այդպես ստացվեց. Իրինա Դանիելյան

Ես ոչնչի համար չեմ ափսոսում․ կյանք է՝ այդպես ստացվեց. Իրինա Դանիելյան

Հանդիսատեսը միշտ ջերմությամբ է ինձ մոտենում, ժպտում են։ Բայց մի անեկդոտ կա, ասում են՝ «Ի՞նչ ժպտալ, քեզ որ առաջին անգամ տեսանք, խնդալուց մեռանք»։ Հիմա չգիտեմ՝ ինձ տեսնելուց ժպտո՞ւմ են, որովհետև ժպտում են, թե՞ որովհետև խնդալուց մեռնում են։ «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում կատակեց դերասանուհի Իրինա Դանիելյանը։

«Դեպի թատրոն ճանապարհս այսպես եղավ. Ես ընկերուհուս էի օգնում, որովհետև նա ուզում էր դերասանուհի դառնալ։ Ես պետք է քննության ժամանակ օգնեի նրան, որ մի էտյուդ ներկայացներ։ Քննությունից հետո պարզվեց, որ երկուսս էլ ընդունվել ենք Կամերային թատրոնի ստուդիա։ Մայրիկիս ասացի, որ ընդունվել եմ դերասանական ստուդիա, նա դժկամությամբ ընդունեց լուրը և ասաց, որ հայրս կորոշի։ Իսկ հայրս, երբ իմացավ, ասաց․ «Մեռնեմ ջանիդ, ես միշտ էլ ասել եմ, որ իմ աղջիկը դերասանուհի է դառնալու»։ Եվ այդպես հայտնվեցի թատրոնում», – պատմեց դերասանուհին։

«Ես ինձ թատրոնի մարդ եմ համարում։ Սիրել եմ դերասանական աշխարհը, գուցե նաև այն պատճառով, որ դերասանությունն ինձ հեշտ էր տրվում։ Կինոն և հեռուստատեսությունն էլ եմ սիրում, և այս հեռուստատեսային իրականության մեջ թատրոնը չի նահանջել և երբեք չի նահանջի։ Ժամանակները կփոխվեն, բայց թատրոնն իր տեղում կմնա», – ընդգծեց Իրինա Դանիելյանը։

«Ես ինձ տրված կերպարներից շատ գոհ և շնորհակալ եմ, միայն կուզենայի ավելի շատ խաղալ։ Բայց ես քչով էլ եմ բավարարվում։ Գուցե այդ էլ է ինձ շատ, ես ի՞նչ իմանամ», – խոսելով իր ստեղծագործական գործունեության մասին՝ կատակեց դերասանուհին։

Իրինա Դանիելյանը խոսեց նաև որդու՝ Հրանտի հետ հարաբերությունների մասին։ «Չեմ ասի, աչքով կտաք։ Շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Կյանք է, այդպես ստացվեց», – ասաց դերասանուհին։

Աղբյուր՝ 24News.am