«Երկու ժողովուրդների կապի խորհրդանիշը»․ Գյումրիում հարգել են ռուս սպաների հիշատակը

Ռուս դիվանագետները ծաղիկներ են դրել Գյումրիում գտնվող «Պատվո բլուր» հուշահամալիրում, որտեղ ամփոփված են ռուսական բանակի՝ ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված 240 սպաների աճյունները։ Այս մասին հայտնել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։
Արարողությունը նվիրված էր հուշահամալիրի հիմնադրման 170-ամյակին։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովն իր ելույթում «Պատվո բլուրն» անվանել է ռուս և հայ ժողովուրդների պատմական կապերի կարևոր խորհրդանիշ։
«Սա նրանց հիշատակն է, ովքեր պայքարել են Ռուսաստանի շահերի համար, ովքեր միավորել են ռուսների և հայերի ջանքերը։ Հայկական ինքնության պահպանման գործում Ռուսաստանի նշանակալի դերը ամուր հիմք է մեր ժողովուրդների միջև հատուկ հարաբերությունների համար։ Այստեղ կարևոր նշանակություն ունի Գյումրի քաղաքը»,- հայտարարել է Տիտովը։
«Պատվո բլուր» հուշահամալիրը վերականգնվել է 2010 թվականին։ Այն նվիրված է 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուս զինվորականների հիշատակին։
Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն է հայտնել նաև Գյումրու իշխանություններին և այն կազմակերպություններին, որոնք մասնակցել են հուշահամալիրի վերականգնմանն ու պահպանմանը։
Աղբյուր՝ 24News.am
