Երևանում ներկայացվել է «Իրավունք առանց պատրանքների․ Հայաստանի անցյալը, բացթողումները և միջազգային իրավունքի իրական հնարավորությունները» գիրքը

Գրքեր13:06 | նոյեմբերի 13, 2026Երևանում ներկայացվել է «Իրավունք առանց պատրանքների․ Հայաստանի անցյալը, բացթողումները և միջազգային իրավունքի իրական հնարավորությունները» գիրքը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երևանում նոյեմբերի 13-ին ներկայացվել է «Իրավունք առանց պատրանքների․ Հայաստանի անցյալը, բացթողումները և միջազգային իրավունքի իրական հնարավորությունները» գիրքը։
Հեղինակը՝ միջազգային քրեական իրավունքի փորձագետ Գուրգեն Պետրոսյանը, «Ճշմարտության և արդարության կենտրոնի» հետ համագործակցությամբ դիտարկում է, թե ինչպես կարող է Հայաստանը հաղթահարել համակարգային սահմանափակումներն ու միջազգային իրավունքն օգտագործել որպես պետական կառավարման իրական գործիք։
Հեղինակը վերլուծում է այն հարցը, թե արդյոք միջազգային իրավունքն իսկապես պաշտպանում է փոքր պետություններին, թե ուժն ու աշխարհաքաղաքականությունը միշտ գերակայում են։
Անդրադառնալով Հայաստանի իրավական պատմությանը՝ Հայոց ցեղասպանությունից և Սևրի պայմանագրից մինչև անկախություն, ղարաբաղյան հակամարտություն, Միջազգային քրեական դատարան և ժամանակակից իրադարձություններ, Պետրոսյանը վերլուծում է Հայաստանի անցած ուղին միջազգային իրավունքի համատեքստում՝ մատնանշելով բաց թողնված հնարավորություններն ու սպասվող մարտահրավերները։
«Երբ մարդիկ դժբախտության են բախվում, տեսնում են, որ ոչ ոք չի շտապում իրենց օգնության հասնել, և եզրակացնում են՝ միջազգային իրավունքն անարդյունավետ է։ Ես շատ լավ եմ հասկանում այդ հիասթափությունը, բայց իրականում ամեն ինչ այլ կերպ է գործում։ Միջազգային իրավունքը համադարման չէ և ոչ էլ բոլոր խնդիրները լուծող կախարդական միջոց։
Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է այն գործում։ Եթե պետությունը խախտում է իր միջազգային պարտավորությունները, դա ամենևին չի նշանակում, որ նրա նկատմամբ չեն կարող կիրառվել միջազգային քրեական իրավունքի նորմերը, կամ որ կոնկրետ անձինք չեն կարող պատասխանատվության ենթարկվել։ Միջազգային իրավունքում տարբեր մեխանիզմներ կան։ Մեզ համար կարևոր էր պարզաբանել, թե կոնկրետ ինչպես են գործում այդ մեխանիզմները։ Չի կարելի բողոքել միջազգային իրավունքի անկարողությունից, եթե ինքներս չենք օգտվում դրա գործիքներից։ Իսկ այդպիսի գործիքներ կան։ Մենք՝ հայերս, հաճախ ենք հիշում Հայոց ցեղասպանությունը. այն ժամանակ, երբ այն իրականացվում էր, չկային ո՛չ միջազգային կառույցներ, ո՛չ էլ մեխանիզմներ, որոնք կարող էին քննել նման պահանջներն ու վերլուծել տեղի ունեցածը։ Այսօր նման կառույցներ կան։ Իհարկե, մենք տեսնում ենք Միջազգային քրեական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումը, տեսնում ենք այն թուլացնելու փորձերը։ Մեր խնդիրն այդ կառույցներն ամրապնդելն է, որպեսզի մարդկանց դեմ կատարվող հանցագործություններն անպատիժ չմնան։
Մենք՝ հայերս, հաճախ ենք խոսում ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների խախտումների մասին, բայց որո՞նք են այս դեպքերում պաշտպանության մեխանիզմները։ Ի՞նչ իրավական հարցեր են լուծում պահանջում, և ինչպե՞ս է այս ամենը գործում։ Մեր գրքում փորձել ենք մատչելի կերպով բացատրել միջազգային իրավունքի սկզբունքները և ընդգծել, թե որքան կարևոր է այն պահպանելն ու ամրապնդելը՝ հատկապես այսօր», — գրքի շնորհանդեսից առաջ նշել է Պետրոսյանը։
Գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Գրքի հրատարակման իրավունքները պատկանում են «Newmag» ՍՊԸ-ին։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
