Բողոքի ցույցեր Մանիլայում՝ ընդդեմ Թրամփի. ոստիկանությունը ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովից առաջ գրեթե 300 մարդու է ձերբակալել

Ձերբակալություն20:21 | նոյեմբերի 17, 2026Բողոքի ցույցեր Մանիլայում՝ ընդդեմ Թրամփի. ոստիկանությունը ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովից առաջ գրեթե 300 մարդու է ձերբակալել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մանիլայում գրեթե 300 մարդու են ձերբակալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Թրամփը Ֆիլիպիններ է ժամանել՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովին մասնակցելու համար, գրում է The Guardian-ը։
Ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, իսկ մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները և փակվել է քաղաքի կենտրոնի զգալի մասը։
Կազմակերպիչները հայտարարել էին, որ երեքշաբթի Թրամփի դեմ ակցիաներին, ըստ ամենայնի, մասնակցել է մինչև 10 հազար մարդ։ Նախօրեին ցուցարարները փորձել էին մոտենալ գագաթնաժողովի անցկացման վայրին՝ Ֆիլիպինների միջազգային համաժողովների կենտրոնին, սակայն ոստիկանությունը փակել էր նրանց ճանապարհը։ Մասնակիցներից ոմանք այրում էին ԱՄՆ նախագահի խրտվիլակները, իսկ պաստառների վրա նրան անվանում էին «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ»։

Ցուցարարները բողոքում են Վաշինգտոնի քաղաքականության, Իրանի հետ պատերազմի ֆոնին կյանքի թանկացման և էներգակիրների գների աճի դեմ։ Դժգոհություն է առաջացրել նաև ամերիկյան Pax Silica նախաձեռնությունը, որն ուղղված է արհեստական բանականության և կրիտիկական նշանակության հանքանյութերի ոլորտներում մատակարարման արևմտյան շղթաների ամրապնդմանը։
Այս նախաձեռնության շրջանակում նախատեսվում է տեխնոլոգիական կենտրոն ստեղծել Նյու Քլարկ Սիթիում՝ Մանիլայից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Նախագծի քննադատները մտավախություն ունեն, որ այն կխորացնի ջրի և էլեկտրաէներգիայի պակասը և կհանգեցնի բնիկ այտա ժողովրդի ներկայացուցիչներին իրենց հողերից դուրս մղելուն։
Բողոքի շարժման առաջնորդ Ռենատո Ռեյեսը Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի վարչակազմին մեղադրել է ցույցերը չափազանց կոշտ միջոցներով ճնշելու մեջ։ Նա նշել է, որ երկուշաբթին դարձել է 2022 թվականին Մարկոսի իշխանության գալուց ի վեր մեկ օրում ձերբակալությունների ամենամեծ թվով օրը։
«Ֆիլիպինների կառավարությունը կարմիր գորգ է փռում մի մարդու առաջ, որին ամերիկացի ժողովուրդն այդքան վճռականորեն մերժել է»,- հայտարարել է Ռեյեսը։ Նա Թրամփին մեղադրել է նաև պատերազմ սանձազերծելու մեջ, որը վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը և հանգեցրել Ֆիլիպիններում նավթի գների կտրուկ աճին։
Ֆիլիպինների ազգային ոստիկանությունից հայտնել են, որ բախումների ընթացքում որոշ աշխատակիցներ են տուժել։ Իրավապահների պնդմամբ՝ ցուցարարները տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իշխանություններին կոչ է արել ուժով չցրել ցույցերը և պահանջել է պարզաբանել յուրաքանչյուր ձերբակալության հիմքերը։ Կազմակերպությունն ընդգծել է, որ բացառապես իրենց իրավունքները խաղաղ կերպով իրացնելու համար ձերբակալված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Թրամփը Մանիլա է ժամանել երկուշաբթի երեկոյան։ Երեքշաբթի նա պետք է հանդիպի Ավստրալիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի առաջնորդների հետ, այնուհետև մեկնի Չինաստան, որտեղ կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին և եռակողմ բանակցություններ կվարի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՁերբակալությունՔաղաքականությունԲողոքներ
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
