Բիրմայական սաթում գիտությանն անհայտ՝ 99 միլիոն տարվա խխունջ են հայտնաբերել՝ The Prodigy-ի վոկալիստի «սանրվածքով»

Կենսաբազմազանություն02:37 | նոյեմբերի 25, 2026Բիրմայական սաթում գիտությանն անհայտ՝ 99 միլիոն տարվա խխունջ են հայտնաբերել՝ The Prodigy-ի վոկալիստի «սանրվածքով»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գիտնականներն 99 միլիոն տարվա վաղեմության բիրմայական սաթում խխունջների նոր տեսակ են հայտնաբերել՝ արտասովոր «սանրվածքով»։ Նրա խեցին ծածկված է մազանման ելուստներով, որոնք հետազոտողներին հիշեցրել են բրիտանական The Prodigy խմբի վոկալիստ Քիթ Ֆլինթի բնորոշ սանրվածքը։ Ի պատիվ 2019 թվականին մահացած երաժշտի՝ նոր տեսակը ստացել է Archaeospirostoma flinti անվանումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ecologica Montenegrina գիտական հանդեսում։
Բիրմայական սաթը, որը հայտնի է նաև բուրմիտ անվամբ, մեզոզոյան դարաշրջանի կենսաբազմազանության մասին տեղեկությունների կարևորագույն աղբյուրներից է։ Դրանում պահպանվել են բազմաթիվ անհետացած կենդանիներ, բույսեր ու սնկեր, ընդ որում՝ հաճախ ամենայն մանրամասնությամբ։ Սաթն ի վիճակի է պահպանելու նույնիսկ օրգանիզմների փափուկ հյուսվածքները, որոնք սովորական պայմաններում արագ քայքայվում են՝ պահպանելով հնագույն նմուշների ծավալային կառուցվածքը։

Archaeospirostoma flinti-ի խեցին ունի ցածր պարույր և վերևից դիտելիս կլորավուն է։ Մազանման ելուստները խեցու արտաքին սպիտակուցային շերտի՝ պերիոստրակումի մասն են։ Փոքրիկ խխունջը մանրամասն ուսումնասիրելու համար հետազոտողները Հունգարիայի Սեգեդի համալսարանում միկրոհամակարգչային տոմոգրաֆիայի միջոցով սկանավորել են սաթի կտորը և ստեղծել նմուշի թվային եռաչափ մոդելը։
Նոր տեսակը պատկանում է Cyclophoridae ընտանիքին։ Սա արդեն այդ ընտանիքի իններորդ ներկայացուցիչն է, որը հայտնաբերվել է բիրմայական սաթում։ Ինը տեսակներից յոթի խեցիները ծածկված են մազանման ելուստներով, մինչդեռ մյուս երկուսի մակերեսը հարթ է։ Սակայն Archaeospirostoma flinti-ի այս կառուցվածքները տարբերվում են նախկինում հայտնի տեսակների կառուցվածքներից. առանձին ելուստների փոխարեն դրանք խմբված են հարթ «ծոպերի» տեսքով, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է հավասար երկարության մի քանի տարրից։
Գտածոյի մեկ այլ առանձնահատկությունը կափարիչն է՝ օպերկուլումը, որը լավագույնս պահպանված նմուշում մնացել է իր տեղում։ Խխունջն այն օգտագործում է խեցու բացվածքը փակելու համար։ Հետազոտությունը ղեկավարած՝ HUN-REN գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնի և Իշտվան Սեչենիի համալսարանի աշխատակից Բառնա Պալ-Գերգեյի բնորոշմամբ՝ այս կափարիչի ձևը եզակի է բիրմայական սաթում հայտնաբերված ընտանիքի ներկայացուցիչների շրջանում. կողքից դիտելիս այն կոնաձև է։
Այսպիսի կառուցվածքի գործառույթը դեռ առեղծված է մնում։ Ժամանակակից որոշ ջրային խխունջների կոնաձև կափարիչները գործում են մխոցի պես՝ օգնելով թթվածնով հարուստ ջուրը մղելու շնչառական օրգանների միջով։ Սակայն հետազոտողներն ընդգծում են, որ նման բացատրությունը կիրառելի չէ նոր գտածոյի դեպքում, քանի որ Archaeospirostoma flinti-ն ցամաքային փափկամարմին էր։
Էտվեշ Լորանդի անվան համալսարանի հնէաբանության ամբիոնի և Հունգարիայի բնագիտության թանգարանի հետազոտող Մարտոն Սաբոն նշել է, որ վերջին տարիներին միկրոհամակարգչային տոմոգրաֆիայի լայն կիրառումը նպաստել է բիրմայական սաթում պահպանված խխունջների ուսումնասիրության նկատմամբ հետաքրքրության վերածննդին։ Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս փխրուն ներփակումներն ուսումնասիրելու եռաչափ ձևաչափով՝ առանց դրանք վնասելու։
Հնագույն խխունջների ուսումնասիրությունը շարունակվում է։ Գիտնականներն ակնկալում են, որ նոր գտածոները կօգնեն ավելի մանրամասն հետևելու ցամաքային փափկամարմինների կառուցվածքի էվոլյուցիային և վերականգնելու գրեթե 100 միլիոն տարի առաջ Երկրի կենսաբազմազանության պատկերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԿենսաբազմազանությունԷվոլյուցիաՀնէաբանություն
Օբյեկտ
Տեղադրություն
