Արփի Դավոյանը կե՞սն է կարդացել․ գերմանացի գերիները խաղաղությունից շուտ էին տուն վերադարձել

Արփի Դավոյանը կե՞սն է կարդացել․ գերմանացի գերիները խաղաղությունից շուտ էին տուն վերադարձել

 Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, խոսելով Բաքվից գերիների վերադարձի մասին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացի ռազմագերիների վերադարձը բերեց որպես օրինակ՝ նշելով, թե 2-րդ համաշխարհային պատերազմից հետո գերիները վերադարձել են մոտ տասը տարի անց։

Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք․․․ իսկ Արփի Դավոյանը չի՞ կարդացել, որ պատերազմի ավարտից 45 տարի անց Գերմանիան խոսեց խաղաղության մասին, իսկ մենք գրեթե հաջորդ օրը․ Արցախը հանձնվեց և «խաղաղվեցինք»։ Չի՞ կարդացել, որ գերմանացի գերիները վերադարձել էին մինչ խաղաղությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց 1945 թվականին, և գերմանացի ռազմագերիների հայրենադարձությունը սկսվեց պատերազմից անմիջապես հետո, ոչ թե տասը տարի անց։ Գերմանացի ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվեց տարիներ շարունակ, և զանգվածային վերադարձը Խորհրդային Միությունից եղավ 1950-ականներին։

Այսինքն՝ «գերիները վերադարձան տասը տարի անց» ձևակերպումը պատմական ամբողջ պատկերը ներկայացնելու համար առնվազն խիստ թերի է։

Բայց ամենակարևոր հարցը նույնիսկ սա չէ։

Եթե Արփի Դավոյանը լրիվ կարդացել է, ապա գիտի այս հարցի պատասխանը․

Երկրորդ աշխարհամարտից հետո գերիների վերադարձը սպասե՞ց արդյոք Գերմանիայի վերջնական խաղաղ-իրավական կարգավորմանը։

1990 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրվեց «Գերմանիայի նկատմամբ վերջնական կարգավորման մասին պայմանագիրը»՝ հայտնի «2+4» պայմանագիրը։ Այն ստորագրեցին երկու գերմանական պետությունները և Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի նկատմամբ հատուկ իրավունքներ ունեցող չորս տերությունը՝ ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1991 թվականի մարտի 15-ին։

Պատերազմի ավարտից՝ 1945 թվականից, մինչև այդ վերջնական կարգավորումը անցել էր մոտ 46 տարի։

Գերմանացի ռազմագերիների վերադարձը չէր սպասել այդ 46 տարվան։

Գերիների հայրենադարձության գործընթացը վաղուց սկսված էր։

Այսինքն՝ երկու տարբեր գործընթացներ էին. մեկը՝ գերեվարված մարդկանց վերադարձը, մյուսը՝ պատերազմի հետևանքով առաջացած միջազգային-իրավական հարաբերությունների վերջնական կարգավորումը։

Դրանք նույն բանը չէին և մեկը մյուսի նախապայմանը չէր։ 

Ուստի Գերմանիայի պատմությունը բերել՝ ասելու համար, թե «տեսեք, պատերազմից հետո գերիների վերադարձը կարող է տասը տարի տևել», քաղաքական վատ շահարկում է։

Որովհետև նույն Գերմանիայի օրինակը մեզ ասում է նաև, որ գերիների վերադարձը կարող էր տեղի ունենալ շատ ավելի վաղ, քան պատերազմի վերջնական միջազգային կարգավորումը։

Եվ այստեղ արդեն հարցը պատմությունից տեղափոխվում է քաղաքականություն։

Այսօր Հայաստանի իշխանությունը հասարակությանը ասում է՝ խաղաղություն է հաստատվել։ Փաշինյանը բազմիցս է ասել՝ խաղաղությունը ոչ թե լինելու է, այլ եղել է, խաղաղությունը ոչ թե գալու է, այլ եկել է։

Եթե խաղաղություն է հաստատվել, ապա ինչո՞ւ գերիների վերադարձը չի կարող լինել այդ խաղաղության ամենաառաջնային և ամենամարդկային արդյունքներից մեկը։

Որովհետև հարցն այն չէ, թե գերիները պատերազմից քանի օր, ամիս կամ տարի հետո կարող են վերադառնալ։

Եթե խաղաղությունը կա, պետք է լինի նաև դրա մարդկային բովանդակությունը։

Խաղաղությունը միայն այն չէ, որ կողմերը դադարել են կրակել։

Խաղաղության ամենատարրական չափանիշներից մեկն այն է, որ պատերազմի ընթացքում գերեվարված մարդը վերադառնա տուն։

Եվ այստեղ Արփի Դավոյանին կարելի է շատ պարզ հարց տալ.

եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերիների վերադարձը կարող էր սկսվել պատերազմից անմիջապես հետո, իսկ Գերմանիայի նկատմամբ վերջնական միջազգային կարգավորումը տեղի ունեցավ միայն մոտ 46 տարի անց, ապա ինչո՞ւ եք այսօր գերիների վերադարձի հարցը կապում խաղաղության վերջնական կարգավորման հետ։

Ավելին՝ եթե «2+4» պայմանագիրը, որը 1990-ին վերջնականապես կարգավորեց Գերմանիայի հետպատերազմյան միջազգային կարգավիճակի հարցերը, ստորագրվեց պատերազմից տասնամյակներ անց, ապա ինչո՞ւ դրա ստորագրումից տասնամյակներ առաջ գերմանացի գերիների հայրենադարձությունը արդեն տեղի էր ունենում։

Այսինքն՝ գերիների վերադարձը կարող էր տեղի ունենալ առանց վերջնական խաղաղության պայմանագրի սպասելու։

Եվ սա է այսօրվա քաղաքական բանավեճի առանցքային հակասությունը։

Մյուս կողմից, երբ հարցնում են՝ «իսկ գերինե՞րը», պատասխանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի օրինակով և փորձում են մեզ համոզել, որ գերիների վերադարձը կարող է տարիներ պահանջել։

Ուստի այսօր իշխանությանը պետք է ոչ թե պատմության դաս տալ, այլ շատ պարզ հարց տալ. եթե ասում եք՝ խաղաղություն է, ապա ինչո՞ւ գերիները չեն վերադառնում։

Ոչ ոք չի ասում, որ Հայաստանի և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի իրավիճակները նույնական են։ Դրանք տարբեր պատերազմներ են, տարբեր ժամանակաշրջաններ, տարբեր միջազգային համակարգեր և տարբեր քաղաքական պայմաններ։ Այո, նաև գեևիների անհամեմատելի թիվ։

Չի կարելի Գերմանիայի պատմությունից վերցնել միայն այն հատվածը, որն արդարացնում է ՀՀ քաղաքացիների՝ Բաքվի բանտում գտնվելը։ Գերիների վերադարձը և վերջնական խաղաղ-իրավական կարգավորումը կարող էին լինել միմյանցից անկախ գործընթացներ։

 Եթե պատերազմն ավարտվել է՝ վերադարձեք գերիներին։

Եթե խաղաղություն է հաստատվել՝ վերադարձրեք գերիներին։

Եթե ասում եք, որ խաղաղության պայմանագիրն արդեն ճանապարհ է բացել դեպի նոր իրականություն, ապա այդ նոր իրականության մեջ գերեվարված մարդն ինչո՞ւ դեռ չի հասել իր տուն։

Որովհետև խաղաղությունը, որի մասին ամեն օր բարձրաձայնում են իշխանության ամբիոններից, միայն այն ժամանակ է իրական դառնում, երբ դրա հետևանքները հասնում են նաև այն ընտանիքներին, որոնք դեռ սպասում են իրենց որդիներին։

Ու այստեղ վերջնական հարցը մնում է նույնը.

Եթե խաղաղությունը եկել է, ինչո՞ւ գերիները դեռ չեն եկել։

Աղբյուր՝ Hayastan.news