Նարկոթրաֆիկի 50 երանգները

Ինչպես հայտնի է, արդեն բավական տևական ժամանակ է՝  Բագրատաշենում աջ ղեկով ավտոմենքենաների հերթ է կուտակվել, ինչն, ըստ էության, հետևանք է պետության ոչ միանշանակ վերաբերմունքի՝ աջ ղեկով մեքենաների՝ ՀՀ ներկրման նկատմամբ. կա կարծիք, որ դրանք խթանում են երկրում ավտոտրանսպորտային պատահարների թվաքանակի աճը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանելով ստեղծած իրավիճակը, ոչ միանշանակ աձագանքի է արժանացրել շատերին հուզող այս խնդիրն ու դրանով պայմանավորված Բագրատաշենում ստեղծված կացությունը: Մասնավորապես՝ լրագրողի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, և մեքենաներ են գնել առցանց աճուրդներով ու կանգնել փաստի առաջ, նախարարը պատասխանել է. «Թո՛ղ գնան և պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձևի հրապարակվել է. պետք է տեղեկանային»: Միաժամանակ առավել պատկերավոր դարձնելու համար սեփական խոսքն Արշակյանը Հայաստան մեքենա ներմուծելը համեմատել է նարկոթրաֆիկի հետ: «Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում եւ այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»,- սկանդալային հայտարարություն է արել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը: Իհարկե, Արշակյանի հայտարարություններն ու փաստացի անտարբեր վերաբերմունքը մեծ թվով մարդկանց հուզող խնդրին  մեկնաբանությունների կարիք չի զգում. հասկանալի է՝ պատասխանատու դիրք զբաղեցնող չինովնիկի այսօրինակ արձագանքը որևիցե քննադատության չի դիմանում: Այս հարցը, սակայն, ոչ միայն զուտ էսթետիկ տեսանկունից է տգեղ, այլև, հատկապես հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, քաղաքական: Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե ընտրություններից առաջ, որին նոր իշխանությունները գնում են անչափ վստահ քայլերով, որքանո՞վ են նպատակահարմար նմանօրինակ աննրբանկատ հայտարարությունները մեկի կողմից, ով, չնայած նորելուկ է, սակայն այլևս հասարակության շրջանում ասոցացվում է հեղափոխության հետ: Արդյոք իր այս հայտարարություններով նախարարի պաշտոնակատարը մեջքից հարված չի՞ հասցնում նույն Փաշինյանին ու հեղափոխությանը՝ փաստացի ռիսկի տակ դնելով նույն ՔՊ-ի քաղաքական վարկանիշը՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով հանդերձ… Բոլոր դեպքերում միայն սույն փաստը բավարար է համոզվելու, որ կոնկրետ Հակոբ Արշակյանի պարագայում գործ ունենք ոչ միայն մասնագիտական առումով պակաս փորձառու, այլև քաղաքականապես ոչ հասուն մեկի հետ, ինչից պետք է համապատասխան շրջանակները կարողանան հետևություններ անել: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.