Վաշինգտոնը կոնկրետացրեց խնդիրը. հարցը լուրջ է դրված

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը. շուտով ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը նոր դեսպան կնշանակի Հայաստանում: Այս իմաստով անչափ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղերձ է թողում Միլսն իրենից հետո ՀՀ նոր ղեկավարությանը: Այս տեսակետից անչափ կարևոր պետք է համարել հատկապես օրերս ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված հրաժեշտի ընդունելության ընթացքում Միլսի ելույթում տեղ գտած շեշտադրումները: Դեսպանի խոսքի ամենաշեշտադրված հատվածներից մեկն էլ վերաբերում էր Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավրավիճակին: «Ես մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի և «Լիդիան» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակով: Սա եզակի անգլոամերիկյան ներդրում է Հայաստանում: Շուրջ կես միլիարդ դոլար ներդրում, նշանակալի տնտեսական օգուտներ շրջակա համայնքներում: Երբ այն լիովին գործարկվի, կարող է դառնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն»,-մասնավորապես` հայտարարել էր դեսպանը` հավելելով, որ եթե այս հարցն արագ չկարգավորվի, Հայաստանի բիզնես գրավչությունը կստվերվի: «Ուրախ եմ, որ Կառավարությունը հասկանում է իմ մտահոգությունները, այս ռիսկերը և աշխատում է լուծում գտնել: Բայց որպես դեսպան և Հայաստանի բարեկամ ես ուզում եմ հորդորել, որպեսզի նրանք արագ գործեն, որ ծրագրի ապագան տնօրինվի օրենքի գերակայության եւ պատշաճ ընթացակարգերի համաձայն»,-ասել էր դեսպան Միլսը` փորձելով հնարավորինս հասկանալի ձևակերպել իր ուղերձի բովանդակությունը: Միլսը Հայաստանից հեռանալուց առաջ, ըստ էության,  յուրատեսակ խնդրի առաջ է դնում նոր իշխանություներին. արձանագրելով ժողովրդավարական առաջընթաց Հայաստանում` դեսպանը մյուս կողմից ՀՀ-Արևմուտք տնտեսական հարաբերությունների ապագան պայմանավորում է Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկի հաղթահարման հարցում կառավարության ունեցած վճտականության աստիճանով` փաստացի պարտավորեցնելով Փաշինյանի կառավարությանն արագորեն լուծում տալ հարցին, իսկ որոշում կայացնելիս էլ հաշվի առնել դրա ողջ լրջությունը: Արևմուտքը և, մասնավորապես, Միացյալ Նահանգները կարող են Հայաստանին իրական հնարավորություն տալ` զարգացնելու սեփական տնտեսությունն ու ժողովրդավարությունը կապիտալիզացնել նաև տնտեսության մեջ, եթե հանքի շահագործման շուրջ առաջ եկած անհասկանալի ու, ըստ էության, ապօրինի իրավիճակն արագորեն լուծվի, աշխարհը հասկանա, որ ներդրումներ կատաելիս չի բախվի նմանատիպ խնդիրների, որոնք, ըստ էության, կրում են սուբյեկտիվ բնույթ ու հետևանք են ներհայաստանյան որոշ կլանների ագրեսիայի` պայմանավորված նրանց ունեցած բիզնես շահերով: Միլիսի ուղերձը հստակ է ձևակերպված ու երկիմաստ մեկնաբանությունների տեղ ուղղակի չի թողնում: Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.